Այս պահին բացառվում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրումը, քանի որ դա պետք է Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի հետեւանքը լիներ միայն: NEWS.am-ի թղթակցին այս մասին ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Հայաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրման օրակարգից հանելու մասին Շվեդիայի արտգործնախարարի հայտարարությանը:
«Ինչ վերաբերում է մեր բարձրաստիճան պաշտոնյաների հնարամտությանը, նույն հաջողությամբ կարելի է հայտարարել, որ Արմեն Մարտիրոսյանը ցանկանում է Բահրեյնի սուլթան դառնալ: Թեեւ ոչ մի ազգակցական կապ չունեմ Բահրեյնի արքայական ընտանիքի հետ, բայց ցանկությունը մեծ է», - կատակել է Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ նույնկերպ Հայաստանի իշխանությունները, չնայելով, որ ռուսական կողմը անհնար է համարում միանգամից երկու ուղղություններով ինտեգրումը, շարունակ փորձում են հայ հանրությանը շփոթության մատնել՝ զբաղվելով ինքնախաբեությամբ:
Ընդդիմադիրի պնդմամբ՝ տեղի ունեցածն անհետեւանք չի մնա, եւ Հայաստանը կհրաժարվի ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրումից: «Պարզ է, որ մեր եվրոպացի գործընկերները չեն համաձայնի նախաստորագրմանը ոչ թե որովհետեւ ցանկություն չունեն, այլ պարզ տրամաբանությունը ցույց է տալիս, որ դրանք երկու միանգամայն հակառակ քաղաքական դաշտեր են, հետեւաբար հնարավոր չէ առաջ ընթանալ երկու ուղղությամբ ինտեգրվելու ցանկությամբ», - ընդգծել է քաղաքական գործիչը:
Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ քանի որ Հայաստանի ներկա իշխանությունները նույնպես օլիգարխիկ կառավարման կողմնակից են, նրանք ընտրեցին իրենց հոգեհարազատ կառավարման մոդելը:
«Մաքսային միության անդամ երկրները օլիգարխիկ կառավարման օրինակներ են», - ամփոփել է նա:
Հիշեցնենք, լրագրողների հետ զրույցում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը հնարավոր է շարունակել բոլոր ձեւաչափերով: Սակայն այն ձեւաչափերով, որը թույլ է տալիս Եվրամիությունը եւ որոնք չեն հակասում Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշմանը:
Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտն իր Twitter-ի միկրոբլոգում գրել էր, որ օրակարգից դուրս է գալիս ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Ասոցացման մասին համաձայնագրի հարցը, եւ Եվրամիությունը շարունակում է աշխատել Մոլդովայի, Ուկրաինայի եւ Վրաստանի հետ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























