Երեւանի քաղաքապետարանը բաց եւ պատրաստակամ է կոնկրետ ծրագրեր իրականացնել, ինչի արդյունքում Երեւանի եւ լեհական Սոպոտի միջեւ էլ ավելի կընդլայնվեն ու գործնական կդառնան երկկողմ հարաբերությունները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Լեհաստանի Սոպոտ քաղաքի քաղաքապետ Յացեկ Կորնովսկիի հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Համոզված եմ, որ Երեւանը եւ Սոպոտը համագործակցության լայն հնարավորություններ եւ հեռանկար ունեն ինչպես մշակույթի բնագավառում, այնպես էլ կառավարման հարցում փորձի փոխանակման առումով: Հայ եւ լեհ ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդմանն էր միտված նաեւ այս տարի ՀՀ Նախագահի Լեհաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Երեւանի եւ Վարշավայի միջեւ ստորագրված մտադրությունների հուշագիրը, համաձայն որի՝ երկու մայրաքաղաքները պարտավորվել են զարգացնել բարեկամությունն ու խրախուսել Երեւանի եւ Վարշավայի միջեւ ակտիվ համագործակցությունը» ,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ լեհական այլ քաղաքների հետ համագործակցությունը եւս կարող է խթան հանդիսանալ երկու ժողովուրդների կապերի էլ ավելի ամրապնդման հարցում: 

Քաղաքապետը նաեւ կարեւորել է 2014թ-ի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում նախատեսվող հայկական արմատներով 19-20-րդ դարերի տաղանդավոր լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի գործերի ցուցահանդեսի բացումն ու Կասկադում լեհ դաշնակահար Լեշեկ Մոժջերի համերգի անցկացումը, ընդգծելով, որ սա եւս մեկ խթան է ամրապնդելու մշակութային համագործակցությունը. «Մշակութային այդ միջոցառումները կրում են ճանաչողական բնույթ եւ հնարավորություն կստեղծեն առավել մոտիկից ծանոթանալու լեհական մշակույթին: Վստահ եմ, որ մեր համագործակցության արդյունքում  Լեհաստանում, ու հատկապես Սոպոտ քաղաքում եւս, կանցկացվեն նմանատիպ միջոցառումներ եւ կներկայացվի հայկական հարուստ մշակույթը: Սա նաեւ հրաշալի առիթ է մշակութային երկխոսության տեսանկյունից»,- նշել է Երեւանի քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Սոպոտի քաղաքապետ, Յացեկ Կորնովսկին համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Երեւանի եւ Սոպոտի միջեւ հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան. «Սոպոտը եւս ապրում է մշակութային հարուստ կյանքով եւ ես համոզված եմ, որ երկու քաղաքներն իսկապես ունեն մեծ ներուժ համատեղ ծրագրերի իրականացման հարցում»,- նշել է Յացեկ Կորնովսկին եւ երկու քաղաքների միջեւ հարաբերությունների սերտացման հարցերն առավել հանգամանալի քննարկելու համար, օգտվելով առիթից, Տարոն Մարգարյանին հրավիրել է պաշտոնական այցով հյուրընկալվել Սոպոտում:

Հանդիպման վերջում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երեւանում նախատեսվող մշակութային միջոցառումներն անցնեն հավուր պատշաճի: