Հայաստանը կշարունակի բոլոր հնարավոր ձեւերով եւ ուղղություններով զարգացնել եւ ընդլայնել ԵՄ-ի հետ այն հարաբերությունները, որոնք ընդունելի կհամարի եւ որոնք չեն խոչընդոտի Մաքսային միությանը մեր անդամակցելուն: Այս մասին սեպտեմբերի 11-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե ինչպիսին են լինելու Հայաստան-ԵՄ հարաբերությունները՝ հաշվի առնելով, որ Շվեդիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանը Ասոցացման մասին համաձայնագիրը նախաստորագրման օրակարգից դուրս է գալիս:
Ուրիխանյանը նաեւ ընդգծել է, որ ԱԳ նախարարի հանդիպումը պատգամավորների հետ չի բավարարել ներկաների հետաքրքրությունը, ինչի արդյունքում պատգամավորներն ի վիճակի չեն պատասխանել լրագրողների հարցերին, քանի որ հանդիպման ձեւաչափն ու դրան տրամադրված ժամանակը թեմայի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ տրամադրելուն չի բավականացրել:
Նալբանդյանի խոսքով՝ ինչ վերաբերում է երեկ խորհրդարանում տեղի ունեցած հանդիպմանը, ապա ինքը չեղյալ է հայտարարել բոլոր հանդիպումները՝ պատգամավորներին հաշվետվություն ներկայացնելու. «Պատասխանել եմ հնչած բոլոր հարցերին, սակայն երբ հարց տվողները չեն ցանկանում պատասխաններ լսել կամ պատասխանն իրենց հետաքրքրությունների շրջանակում չէ կամ պատասխանը նրանց չի բավարարում, ապա դա դեռ չի նշանակում, որ հարցերին պատասխաններ չեն տրվել»:





























