Ամերիկյան Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում ավելի քան 200 մարդ արթուն են մնացել գիշերը, որպեսզի իրենց բողոքը հայտնեն ԱՄՆ կողմից Սիրիայի դեմ հնարավոր հարվածների դեմ: Այս մասին գրում է «Glendale News-Press» թերթը:
Ակցիան կազմակերպել են ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը եւ այլ կազմակերպություններ, այն ժամանակ, երբ Օբամայի վարչակազմը փորձում է պատերազմից հոգնած իր քաղաքացիներին եւ օրենսդիրներին համոզել, որպեսզի աջակցեն սահմանափակ ռազմական միջամտությունը Սիրիայում:
«Մենք դեմ ենք Սիրիայում ռազմական միջամտությանը, քանի որ դա չի փրկի Սիրիայում իշխող խմբավորման կողմնակիցների եւ նախագահին տապալելու նպատակ ունեցող նրանց զինված հակառակորդների միջեւ փոխհրաձգության ժամանակ անմեղ քաղաքացիական անձանց կյանքը»,-ասել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Գլենդելի բաժանմունքի նախագահ Պերճ Կարապետյանը:
Իսկ գործադիր տնօրեն Թալար Մալաքյանը հավելել է. «Միջոցառման նպատակը խաղաղությանն աջակցելն է: Մենք չենք կարծում, որ էսկալացիան ու ագրեսիան կարող են կյանքեր փրկել ու հասցնել խաղաղության: Մենք հավատում ենք հումանիտար օգնությանը»:
Հայկական կազմակերպությունները մեկ մլն դոլար են ուղարկել Սիրիայի հայերին, որոնք տառապում են տնտեսական դժվարություններից եւ սննդի պակասից:





























