Եվրամիության ղեկավարները դատապարտել են ճնշումը, որը Ռուսաստանի բանեցնում է Ուկրաինայի եւ հետխորհրդային տարածքի մյուս երկրների նկատմամբ, որոնք փորձում են ընդլայնել առեւտրային կապերը ԵՄ-ի հետ:

«Մենք չենք հանդուրժի այդ երկրների ինքնիշխան ընտրությունը սահմանափակելու փորձերը: Մենք չենք կարող մեջքով շրջվել նրանց»,-այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ամենամյա ելույթով հանդես գալով Եվրախորհրդարանում՝ Ստրասբուրգում, հաղորդում է Reuters-ը:

Գործակալության ձեռքի տակ է հայտնվել նաեւ ելույթի տեքստը, որով պատգամավորների առջեւ պատրաստվում է հանդես գալ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: «Ռուսաստանի ցանկացած սպառնալիք, որը կապված է փաստաթղթերի հնարավոր ստորագրման հետ, անթույլատրելի է»,-նշված է Ֆյուլեի տեքստում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: