Համացանցում նոր տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է ահաբեկիչ Մոհթար Բելմոհթարը, որին ավելի վաղ մահացած էին համարում:
Բելմոհթարը համարվում է այս տարվա հունվարին Ալժիրի հարավում գտնվող Թիգենթուրինում նավթագազային համալիրի վրա հարձակման կազմակերպիչը: Այդ ահաբեկչությանը զոհ էր դարձել 37 պատանդ՝ աշխարհի 8 երկրներից: Մարտի սկզբին Չադի իշխանությունները հայտարարել էին Մալիում Բելմոհթարի ոչնչացման մասին, սակայն ավելի ուշ մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին, որ ահաբեկիչը կենդանի է եւ գտնվում է ազատության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
CBS-ի տվյալներով՝ տեսագրություն արվել է այս տարվա մայիսի 23-ին: Այնտեղ Բելմոհթարը սովորեցնում է այլ ահաբեկիչների եւ ցուցումներ տալիս մահապարտներին:
Բացի Բելմոհթարից, տեսանյութում երեւում է նաեւ մեկ այլ հայտնի ահաբեկիչ՝ Աբդել Համիդ Աբու Զաիդը:
«Միսթեր Մալբորո» մականունը Բելմոհթարն ստացել է ծխախոտի խոշոր քանակի մաքսանենգության համար: 1991-ին, Աֆղանստանում, 19 տարեկան հասակում նա բեկորային վնասվածք է ստացել եւ զրկվել աջ աչքից, որի համար ստացել է նաեւ «միաչքանի» մականունը:
Որոշ ժամանակ առաջ Բելմոհթարը կոնֆլիկտ է ունեցել «Ալ Կաիդայի» տեղի կառույցի առաջնորդների հետ եւ նա հիմնել է սեփական ծայրահեղական խմբավորումը, որն ստացել է «Արյունով ստորագրված» անունը: Այս խմբավորման գրոհայիններն էլ հենց իրականացրել են հարձակումը նավթագազային ընկերության աշխատակիցների վրա:
Հիշեցնենք, որ Լիբիայի հետ սահմանի մոտ գտնվող նավթագազային ընկերության օբյեկտում, գրոհայինները պատանդ են վերցրել 41 օտարերկրացիների, այդ թվում ամերիկացիների, բրիտանացիների, իռլանդացիների, ֆրանսիացիների, ճապոնացիների, նորվեգացիների եւ մալացիներին: Տեղեկություն է հայտնվել, որ նրանց շարքում կա նաեւ Հայաստանի քաղաքացի:




























