Իսրայելական «Այալոն» բանտում ինքնասպանություն գործած իսրայելցի լրտես Բեն Զայգերի՝ «X բանտարկյալի» ընտանիքը Իսրայելի կառավարությունից 1.1 մլն դոլար է ընդունել եւ հրաժարվել է պետական իշխանությունների դեմ դատական հայց ներկայացնել՝ բանտարկյալի հանդեպ անուշադիր պահվածքի համար: «Իսրայելը համաձայնել է վճարել այդ գումարը, որպեսզի խուսափի դատական գործընթացից, քանի որ մանրամասների հրապարակումը պետության համար սպառնալիք էր»,- Reuters-ը մեջբերում է երկրի արդարադատության նախարարության հաղորդագրությունը:
Խիստ գաղտնիության հետեւանքով այս գործում ավելի շատ են ենթադրությունները, քան փաստերը: Հայտնի է, որ 34-ամյա Բեն Զայգերը մոտ 10 տարի առաջ Ավստրալիայից վերադարձել էր պատմական հայրենիք Իսրայել: Այնուհետ տվյալներ են հայտնվում, որ Զայգերը, ով տիրապետում էր ռազմական ու իրավաբանական պատրաստվածության, հավաքագրվել էր Մոսադի կողմից: 2010թ.-ին Իսրայելում ձերբակալել էին լրտեսին եւ ուրիշ անվան ներքո ազատազրկման ենթարկել «Այալոն» բանտում: Նրա մեկուսարանը առանձին թեւում էր, եւ բացառվում էր արտաքին աշխարհի հետ որեւէ շփում:
Հավանական է, որ «X բանտարկյալը» մասնակցել էր Դուբայում «Համասի» ռազմականացված թեւ առաջնորդ Մահմուդ ալ-Մաբհուհիի սպանությանը: Հավանական է, որ նա ակամա խափանել է Լիբիայում զոհված իսրայելցի զինվորների մարմինները հայրենիք տեղափոխելու հույժ գաղտնի գործողությունը, այդ մասին մայիսին հաղորդել էր АВС-ին: Նա կարող էր նաեւ գաղտնի տվյալներ հայտնել լիբանանյան տեղեկատուների մասին, որոնց Լիբանանում ձերբակալել էին, ինչպես գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Der Spiegel-ին:
Հասարակության զարմանքն է հարուցել հատկապես այն փաստը, որ բանտախցում շուրջօրյա նկարահանման ենթարկվող անձը կարող էր կախվելու միջոցով ինքնասպան լինել: Սկզբում ենթադրվում էր, որ նա ինքնասպան է եղել լոգանքի ժամանակ: ԶԼՄ-ներում շահարկվում է նաեւ լրտեսի սպանության վարկածը, հաղորդում է NEWSru.com-ն:





























