ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Իսրայելի հատուկ ծառայությունների հետ, որի շրջանակներում, նրանց չմշակված տվյալներ է փոխանցել, որտեղ կարող են գաղտնի տեղեկություններ լինել ԱՄՆ քաղաքացիների մասին: Այս մասին գրում է Guardian թերթը՝ վկայակոչելով փաստաթղթերը, որոնք ներկայացրել է ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
Փաստաթղթից բխում է, որ երկու երկրների հատուկ ծառայությունների միջեւ սկզբունքային համաձայնությունը ձեռք է բերվել 2009-ի մարտին: Հուշագրի տեքստում բազմիցս ընդգծվում է ամերիկյան քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանության կարեւորությունը, բայց միաժամանակ նշվում է, որ Իսրայելը կարող է ստանալ ռադիոէլեկտրոնային հետախուզության կողմից չմշակված տվյալներ:
«Այդ տվյալները ներառում են (բայց դրանով չեն սահմանափակվում) նախնական գնահատում չանցած զրույցների ձայնագրությունները, ֆաքսով, տելեքսով, ձայնային եղանակով, նաեւ թվային ցանցերով փոխանցված հաղորդագրությունները»,-ասվում է փաստաթղթում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























