Սիրիայի վրա հարձակվելու ԱՄՆ նախատեսած ծրագիրը, չնայած բազմաթիվ երկրների, խոշոր քաղաքական եւ կրոնական գործիչների, այդ թվում՝ Հռոմի պապի, լուրջ եւ սուրը դիրքորոշմանը, կարող է հանգեցնել միայն նոր անմեղ զոհերի, հակամարտության էսկալացիայի՝ դուրս գալով Սիրիայի սահմաններից: Այս մասին ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «Սիրիական այլընտրանք» հոդվածում, որը հրապարակվել է ամերիկյան New York Times պարբերականում եւ տեղադրվել է Կրեմլի կայքում:
Պուտինի կարծիքով, ռմբակոծությունը կարող է խափանել բազմակողմանի ջանքերը, որոնք ուղղված են իրանական միջուկային խնդրի լուծմանը եւ արաբ-իսրայելական հակամարտության կարգավորմանը, հանգեցնել ամբողջ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակի ապակայունացմանը:
«Պետք է հասկանալ, որ Սիրիայում այսօր խոսքը ժողովրդավարություն հաստատելու համար պայքարի մասին չէ, այլ բազմակրոն երկրում կառավարության եւ ընդդիմության զինված հակամարտության: Այնտեղ ժողովրդավարության համար պայքարողներն այնքան էլ շատ չեն: Իսկ ահա ընդդիմության կողմից բազմաթիվ եւ տարատեսակ գրոհայիններ են պայքարում, այդ թվում՝ «Ալ-Կաիդայից»: Ներքին առճակատումը, որն ավելի էր թեժանում արտաքին ուժերի կողմից ընդդիմությանը զենք մատակարարելով, աշխարհի ամենաարյունահեղ հակամարտություններից մեկին է վերածվել»,-գրում է Պուտինը:
Հետո նա նշում է, որ Ռուսաստանը հենց սկզբից սկսել է հետեւողականորեն աջակցել խաղաղ երկխոսությանը՝ փորձելով հասնել նրան, որ սիրիացիներն իրենք երկրի հետագա զարգացման փոխզիջումային մոդել գտնեն: «Ընդ որում, մենք պաշտպանում ենք ոչ թե Սիրիայի կառավարությունը, այլ միջազգային իրավունքի նորմերը (...): Գործող միջազգային իրավունքը թույլ է տալիս ուժ կիրառել միայն երկու դեպքում՝ կամ ինքնապաշտպանության, կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ: Մնացած բոլորը, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, անթույլատրելի են եւ որակվում են որպես ագրեսիա»,-գրում է նա:
Պուտինը նշում է, որ կան բոլոր հիմքերը պնդելու, որ քիմիական հարձակումը կատարել է ոչ թե Սիրիայի բանակը, այլ ընդիմության ուժերը: «Նպատակն իրենց օտարերկրյա հովանավորների միջամտությունը հրահրելն է, որոնք այդ դեպքում՝ հանդես կգային արմատականների կողմից: Այդ համատեքստում ուշադրության է արժանի տեղեկությունը՝, որ գրոհայինները նոր քիմիական գրոհ են նախապատրաստում, այս անգամ Իսրայելի դեմ»,-գրում է նա:
«Մտահոգում է, որ զանազան ներքին հակամարտություններին ուժային միջամտությունները ԱՄՆ-ի համար սովորական են դարձել: Հարց է ծագում՝ համապատասխանո՞ւմ է դա ԱՄՆ-ի շահերին երկարաժամկետ հեռանկարում: Կասկածում եմ: Միլիոնավոր մարդկանց գիտակցության մեջ Ամերիկան արդեն ավելի հաճախ ընկալվում է ոչ թե որպես ժողովրդավարության օրինակ, այլ խաղացող, որը խաղադրույք է կատարում բացառապես բիրտ ուժի վրա՝ որոշակի իրավիճակներում առաջնորդվելով «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով», - նշել է Պուտինը՝ հիշեցնելով, որ ուժի կիրառումը ցույց է տվել իր անարդյունավետությունն ու անիմաստությունը Աֆղանստանում, Լիբիայում, Իրաքում, եւ հավելել. «Նույն ԱՄՆ-ում շատերը զուգահեռ են տանում Իրաքի եւ Սիրիայի միջեւ եւ հարց են տալիս՝ Ինչո՞ւ կրկնել վերջին սխալները»:
Նշելով, որ ողջունում է ԱՄՆ-ի նախագահի՝ Ռուսաստանի առաջնորդի հետ Սիրիական հարցով երկխոսությունը շարունակելու մտադրությունը՝ Պուտինը հավելել է. «ԱՄՆ-ի նախագահն իր ճառում փորձել է հիմնավորել ամերիկյան ազգի բացառիկությունը: ԱՄՆ-ի քաղաքականությունը «Ամերիկան առանձնացնում է մյուսներից: Ահա թե որն է մեր բացառիկությունը», -ուղիղ տեքստով ասել է ԱՄՆ-ի նախագահը: Կարծում եմ՝ շատ վտանգավոր է մարդկանց գլուխը իրենց բացառիկության մասին գաղափարներով լցնելը, ինչն էլ որ լինի դրա շարժառիթը», - նշում է Պուտինը եւ շարունակում. «Մենք տարբեր ենք, բայց երբ Աստծուց օրհնություն ենք խնդրում, պետք է չմոռանանք, որ Աստված մեզ հավասար է ստեղծել»:





























