ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նոր համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը չմեկնաբանեց Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի իրավունքների ոտնահարման փաստերը: «Ես չեմ կարող որեւէ կերպ մեկնաբանել այդ հարցը: Իմ ներկա այցի նպատակը դա չէ: Իմ գլխավոր մտադրությունը իրավիճակին առավել լավ ծանոթանալն ու հասկանալն է»,-այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նորանշանակ համանախագահը:

Հիշեցնենք, որ շարքային Հակոբ Ինջիղուլյանն ադրբեջանական գերության մեջ է հայտնվել օգոստոսի սկզբին՝ մոլորվելով սահմանապահ դիրքերում: Ադրբեջանական կողմը երկար ժամանակ թույլ չէր տալիս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին հանդիպել հայ գերու հետ: Դրա փոխարեն, Հակոբ Ինջիղուլյանին ադրբեջանական բանակի զինվորական հագուստ են հագցրել եւ նրա հետ մի քանի հարցազրույց կազմակերպել: