Իրաքը բանակցում է Թուրքիայի հետ՝ սիրիական ներքին հակամարտությանը նրա անմիջական միջամտությունը դադարեցնելու, ինչպես նաեւ իրաքյան խաղաղ նախաձեռնությանն աջակցելու համար: Արդեն երկու օր է, ինչ Թուրքիայում է իրաքյան պատգամավորների պատվիրակությունը՝ խորհրդարանի խոսնակ Օսամա ան-Նաջեֆիի գլխավորությամբ:
«Իրաքի հաղորդագրությունը Թուրքիային միանգամայն հստակ է. անհրաժեշտ է դադարեցնել Սիրիայի ներքին գործերին միջամտելը եւ նպաստել իրավիճակը բանակցությունների միջոցով հանգուցալուծմանը»,- «ՌԻԱ Նովոստիին» է հաղորդել իրաքյան խորհրդարանի քրդական կուսակցությունների բլոկի պատգամավոր Հասան Ջիհադը: Իրաքյան պատգամավորները հանդիպումներ են անցկացնում թուրք քաղաքական գործիչների հետ եւ քննարկում են Սիրիայի հակամարտության ֆոնին տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ օտարերկրյա ներխուժման սպառնալիքը:
Նշենք, որ Թուրքիան ավանդաբար ԱՄՆ դաշնակիցն է սիրիական հակամարտության հարցում եւ ռազմական հարված հասցնելու առաջին կողմնակիցներից էր: Բացի այդ, Անկարային մեղադրում են գրոհայիններին ֆինանսավորելու եւ զենքի հետ միասին Սիրիա ուղարկելու մեջ:
Հիշեցնենք, որ Իրաքի վարչապետն առաջարկել էր Սիրիայում տիրող իրավիճակի հանգուցալուծման իրաքյան տարբերակը, որով նախատեսվում էր երկրի ամբողջ տարածքում անմիջապես դադարեցնել կրակն ու հակամարտող կողմերին զենք մատակարարելը եւ երկրից արտաքսել օտարերկրյա գրոհայիններին:
Իրաքի վարչապետը նախաձեռնությամբ է հանդես եկել՝ Սիրիային հարվածելը կանխելու http://news.am/arm/news/169746.html
Կահիրեում ԱՊԼ վերջին նիստի ժամանակ այս նախաձեռնությունն արտոնել էին գրեթե բոլոր երկրները, բացառությամբ, բնականաբար, Սաուդյան Արաբիայի:





























