Սիրիան պետք է միանա Քիմիական զենք չտարածելու մասին կոնվենցիային, Աստանայում սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Փորձագետները կորոշեն, թե ինչ որոշակի միջոցներ են պետք ձեռնարկել համապատասխան պահպանման վայրերը, զինանոցներն ապահովացնելու համար», - Լավրովի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:
«Կոմերսանտն» այսօր Սիրիայի քիմիական զենքի վերահսկողությունը միջազգային վերահսկողությանը հանձնելու ռուսական ծրագրի մանրամասներ է հրապարակել, որը նախօրեին ներկայացվել էր ԱՄՆ-ին:
Խմբագրության աղբյուրի տվյալով՝ Մոսկվայի ծրագիրը ենթադրում է, որ Սիրիան ինքը տեսուչների հետ պետք է որոշի՝ ինչպես ոչնչացնել քիմիական զենքը: Նաեւ ենթադրվում է, որ Սիրիան կմիանա Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը, կհայտնի քիմիական զենքի արտադրության եւ պահպանման վայրերը եւ այնտեղ կթույլատրի մտնել Քիմիական զենքն արգելող կազմակերպության տեսուչներին:
«Կոմերսանտի» զրուցակիցը բացատրել է, որ հարցն այն է, թե ով կզբաղվի քիմիական զենքի ոչնչացմամբ: Հարցը դեռ որոշված չէ, սակայն չի բացառվում, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միասին դա անեն՝ Նաննա-Լուգարա նորացված ծրագրի շրջանակում, որը Մոսկվայի եւ Վաշինգտոնի համագործակցություն է նախատեսում երրորդ երկրների զանգվածային ոչնչացման զենքը վերացնելու գործում:
Հիշեցնենք, Սիրիան արդեն համաձայնել է ռուսական ծրագրին: Սակայն «ՌԻԱ Նովոստին» AFP-ն վկայակոչելով հայտնում է, որ այսպես կոչված Սիրիական ազատ բանակը մերժել է քիմիական զենքը միջազգային հանրության վերահսկողությանը հանձնելու ռուսական ծրագիրը:
Միաժամանակ, ինչպես արեւմտյան, այնպես էլ ռուսական փորձագետները նշում են, որ այս խմբավորումը վերջին ամիսներին դիրքերը նկատելի զիջել է «Ջեբհաթ Ան Նուսրի» խմբավորմանը, որն ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական է ճանաչվել:
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Սերգեյ Լավրովը եւ Ջոն Քերրին Ժնեւում կբանակցեն ռուսական նախաձեռնության շուրջ:





























