Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու մասին որոշումը ինչպես դրական, այնպես էլ բացասական զգացմունքներ է արթնացնում, միաժամանակ հարցն իմաստավորելու անհրաժեշտություն կա՝ երկրի քաղաքական-տնտեսական դրությունը հաշվի առնելով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը՝  «Ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային  տարածքում. Հայաստանի ընտրությունը» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում:

«Բացի այն հարցից, թե ինչ կտա Հայաստանին ՄՄ-ին անդամակցելը, հարկավոր է պատասխանել նաեւ, թե  ինչպիսի՞ն կլինի Հայաստանի՝  Մաքսային միություն մտնելու քարտեզը՝ հաշվի առնելով արդեն մատնանշված որոշ սահմանափակումները, ի՞նչ քաղաքականություն կտարվի տրանսպորտային միջանցքի տեսանկյունից՝ հաշվի առնելով դրա բացակայությունը, ինչ քաղաքականություն կտարվի էներգետիկայի ոլորտում», -  նշել է Ա. Մարկարովը՝ ընդգծելով, որ կա նաեւ այլ պահ, որին, իր խոսքով, բավարար ուշադրություն չի դարձվել. Հայաստանի հետագա համագործակցությունն այն կառույցների հետ, որոնց հետ փորձում էր ինտեգրման գործընթաց սկսել:

Հիշեցնենք, սեպտեմբերի 3-ին Մոսկվա կատարած այցի շրջանակում Սերժ Սարգսյանի  եւ Վլադիմիր Պուտինի երկկողմ բանակցություններից հետո հայտարարվել էր Հայաստանի՝  Մաքսային միություն մտնելու եւ հետագայում Եվրասիական միության ստեղծմանն աջակցելու մտադրության  մասին: