ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը կողմ է Մաքսային միության: Այս մասին նա ասաց այսօր՝ սեպտեմբերի  12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա իր տեսակետը հետեւյալ կերպ բացատրեց. «200 տարի է, Ռուսաստանը մեզ բարեկամ է: Ռուսաստանի տարածքում ունենք շուրջ 2 մլն հայրենակիցներ որոնք գիշեր-ցերեկ աշխատում են, իսկ մեր երկրում գրեթե աշխատատեղեր չկան, դրանք օր-օրի փակվում են: Այստեղի ապրողներին էլի այնտեղի ապրողներն են օգնում: Մաքսային միության անդամ դառնալով ձեռք ենք մեկնում երկու մլն հայի:

Մեր ապրանքները մրցունակ կլինեն միայն Ռուսաստանում, որովհետեւ տեխնոլոգիաները հին են: Ինչքան էլ սահման չունենք, մեր գյուղմթերքները հասնում են Ռուսաստանի շուկա»:

«Չեմ ասում Եվրոպայի հետ մեր դռները պետք է փակենք, բայց առաջարկում եմ եվրոպացիների արձան կառուցելիս Պրեսկոտին նկատի ունենալ»,-ասաց նա:: Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ այս անգամ իշխանությունը ճիշտ քայլ արեց: «Ապրեք, բայց վարչապետի հարցը լուծեք, այդ մարդը տարօրինակ է թվում»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը եւ ավելացրեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը մնում է իշխանափոխությունը: Ավելին` վարչապետին համեմատեց իրենց թաղի «Գվոյի» հետ. «Որ մի բան է ասում, ասում են Գվոն է ասել: Հիմա ինքը Գվոն ա»:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանն էլ, խոսելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու մասին, ասաց, որ ժողովուրդը 1990-ական թվականներից այս կողմ է կողմնորոշվել: « Չպետք է թերագնահատել Եվրոպական արժեքները, բայց ես կողմ եմ եղել միշտ Ռուսաստանի հետ հարաբերություններին: Մեր պատմությունն էլ դա է ցույց տվել: Մենք այդ նույն անգլացիու հետ էլ, եվրոպացու հետ էլ ենք փորձել: Սա աշխարհաքաղաքական շահերի խնդիր է: Եվրոպան, եթե այսօր մեզ գումար է տալիս, կտեսնենք, որ դա ծախսվում է  լեկցիաների վրա»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:

Ավելին՝ նա կարծում է, որ եվրոպական արժեքներից շատ բաներ մեր մենթալիտետին հասու չէ եւ օրինակ բերեց նույնասեռականությունը: «Այսօր մենք ասում ենք հայ ենք, իսկ ֆրասնիացի սեւամորթը ասում է ֆրանսիացի է: Սրանք տարբերություններ են, մենք երկար ճանապարհ պետք է անցնենք»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը: