Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու ոչ մի ճանապարհային քարտեզ էլ չկա եւ թե երբ այն կլինի՝ հայտնի չէ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հայտարարել է Ռուսասստանի Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Պովոլժիեի հարցերով հետազոտությունների կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը՝ «Ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածում. Հայաստանի ընտրությունը» թեմայով Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ:

«Նման ճանապարհային քարտեզ գոյություն չունի, չի եղել նաեւ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ, ոչ ոք ինչպես հարկն է չգիտի, թե ինչ է նշանակում ասոցացված անդամակցություն»,-կարծիք է հայտնել քաղաքագետը: Նա ընդգծել է, որ, ըստ էության, խոսքը երկու նախագծերի մասին, կամ, ամենայն հավանականությամբ, ինտեգրման վեկտորների՝ Նախկին ԽՍՀՄ-ԱՊՀ տարածքներում ինտեգրում կամ ԵՄ եւ Եվրոպայի այլ կառույցների հետ ինտեգրում: «Մեծ հաշվով, այդ երկու ուղղությունները, ոչ այլ ինչ են, քան պարզապես գաղափարներ, որոնք հեռու են իրականությունից եւ ճանապարհային քարտեզներից: Մաքսային միությունը ձեւավորման փուլում է: Բոլորս էլ տեսնում ենք Ռուսաստանի եւ Բելառուսի խնդիրները: Տեսնում ենք նաեւ, թե ԵՄ-ն ինչ խնդիրների է բախվում իր արեւելյան հարեւանների հետ»,-ընդգծել է Ալեքսանդր Սկակովը: Նրա համոզմամբ՝ մտածել, որ այդ պայմաններում Մոսկվան կամ Բրյուրսելը լուրջ ֆինանսական միջոցներ կգտնեն Հայաստանի՝ այս կամ այն ուղղությամբ ինտեգրման համար, մի փոքր անզգույշ եւ սխալ կլիներ:

 «Կարող եմ միայն հույս հայտնել, որ նման ճանապարհային քարտեզ, այնուամենայնիվ, կհայտնվի, որ Մաքսային միության հետագա աշխատանքներում շեշտն ավելի շատ կդրվի տնտեսության վրա, քան քաղաքականության եւ խոսք չի գնա միությանն այնպիսի երկրների անդամակցելու մասին, որոնք, մեղմ ասած, հեռու են Մաքսային միության նորմերից: Այդ ժամանակ, հնարավոր է, իրավիճակը փոխվի, սակայն մինչ այդ դեռ շատ կա»,-եզրափակել է Ալեքսանդր Սկակովը: