Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է կարճատեւ ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած ԳԴՀ խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Յուրգեն Կլիմկեին։

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե  Գերմանիայից ժամանած հյուրին Երեւանից ուղեկցում էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ՝ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Արտակ Դավթյանը եւ  պաշտպանության, անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, բարեկամության նույն խմբի անդամ Վահան Հովհաննիսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության 1-ին քարտուղար Աշոտ Սմբատյանը։

 Գոհունակություն հայտնելով գերմանացի պատգամավորի եւ նրա ուղեկիցների այցի առթիվ` ԱԺ նախագահը կարեւորել է նման շփումները։ «Մեզ համար հաճելի է, որ եվրոպական երկրների խորհրդարանականները ցանկություն են հայտնում այցելել Արցախ՝ իրավիճակին անմիջապես տեղում ծանոթանալու համար»,- նշել է Ղուլյանը։

 Նույնպես կարեւորելով այդ երեւույթը, գերմանացի խորհրդարանականն իր հերթին նշեց, որ  Լեռնային Ղարաբաղի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար, իրոք, գերադասելի է անձամբ ականատես լինել ամեն ինչին։ «Ավելի լավ է  մեկ անգամ սեփական աչքով տեսնել, քան այդ ամենի մասին հեռակա կարգով տեղեկություններ քաղել տարբեր աղբյուրներից»,- նշել է գերմանացի պատգամավորը։

 Զրույցի ընթացքում արծարծվել են հարցեր՝ կապված ղարաբաղյան հիմնախնդրի իրավա-քաղաքական հիմունքների, հակամարտության կարգավորման գործընթացի, միջխորհրդարանական շփումների աշխուժացման, լիարժեք տեղեկատվության ապահովման եւ այլ խնդիրների հետ։

Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։