Ոչ մի հեռանկար չի անհետանում. նոր մակարդակում եւ հարթակում Հայաստանը կշարունակի համագործակցել Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի, Իրանի եւ ում հետ հնարավոր է: Այս մասին այսօր հայտարարել է Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ «Ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում. Հայաստանի ընտրությունը» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ:
«Այն, ինչ մենք արել ենք 3.5 տարվա ընթացքում, չի կորի: Համենայն դեպս, հայկական կողմը ցանկանում է շարունակել եվրոպացիների հետ համագործակցության գործընթացը: Եթե հնարավոր չլինի այդ գործընթացը շարունակել DCFTA ոլորտում, ապա համագործակցությունը հնարավոր կլինի այլ ոլորտներում, օրինակ, մարդկանց տեղափոխելու, քաղաքական նվաճումների եւ այլն»,-ընդգծել է քաղաքագետը՝ հիշատակելով հայկական քաղաքականության «ֆիրմային մակնիշի»՝ կոմպեմենտարիզմի, մասին: Իսկանդարյանի համոզմամբ՝ պետք չէ հավասարության նշան դնել հակառուսամետների եւ արեւմտամետների միջեւ կամ ռուսամետների եւ հակաարեւմտամետների: «Կոմպլեմենտարիզմի շարունակություն, որպեսզի կարողանանք վերցնել այն լավը, որ մեզ առաջարկում են Ռուսաստանն ու Եվրոպան: Դա բխում է առողջ բանականությունից եւ քաղաքական անհրաժեշտությունից»,-եզրափակել է փորձագետը:





























