Որպես Հայաստանի քաղաքացի հետաքրքրված եմ, որպեսզի եվրաինտեգրման գործընթացը չընդհատվի, սակայն միաժամանակ հասկանում են Շվեդիայի հիասթափությունն ու դիրքորոշումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար, ԱԺ եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Շվեդիայի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը:

 «Ինձ համար հասկանալի է Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտի դիրքորոշումը, ինչպես նաեւ մի շարք եվրոպացի գործընկերների: Սակայն պետք է փորձել հնարավորություն գտնել՝ վիլնյուսյան գագաթաժողովում Հայաստանի ներկայությունը որեւէ ձեւաչափում ապահովելու: Չեմ կարծում, որ պետք է բանակցությունները վերջնաանապես տապալված համարել, քանի որ դա շատ վտանգավոր է՝ մեր եվրոպական հեռանկարի տեսանկյունից»,-ընդգծել է Զոհրաբյանը: Պատգամավորը նաեւ հույս է հայտնել, որ, այնուամենայնիվ, ինչ-որ կոնսենսուսի կգան, որպեսզի ԵՄ հետ իրականացրած կարեւոր աշխատանքը շարունակական լինի:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը համարում է, որ Հայաստանի հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրումը հանված է օրակարգից: Այդ մասին նա գրել է իր «Twitter»-ում:

Ընդգծենք, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպումից եւ բանակցություններից հետո, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը: