ԵՄ-ն խոշոր կառույց է, որի մեջ ընդգրկված են շատ երկրներ, եւ այդ եվրոպական երկրներից մեկի արտգործնախարարի կարծիքը վճռորոշ չի կարող լինել եվրոպական գործընթացներից Հայաստանի դուրս մնալու հարցում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է իշխող կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Դա միայն նրա անձնական կարծիքն է: Ես ավելի քան վստահ եմ, որ եվրոպական արժեքները հենց նրանում են, որ բազմակարծություն լինի, ժողովրդավարություն եւ հարեւան ու բարեկամ պետությունների հետ խնդիրների բացակայություն: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը՝ ԵՄ-ն պետք է որ հետաքրքրված լինի եվրոպական գործընթացներին մասնակցելու մեր մտադրությամբ», - նշել է Մարգարյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտի հայտարարության մասին, ըստ որի Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը հանվելու է օրակարգից:
Նշենք, որ Մոսկվայում բանակցությունների արդյունքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանն անդամակցելու եւ հետագայում Եվրասիական միության ստեղծմանը մասնակցելու մտադրության մասին:





























