ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, սեպտեմբերի 11-ին, անցկացրել է քննարկում՝ անհրաժեշտ միջոցներով պետությունների կողմից իրենց քաղաքացիներին պաշտպանելու պատասխանատվության հարցի շուրջ, որտեղ ելույթով հանդես է եկել նաեւ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

Նա, մասնավորապես, կանգ է առել ատելություն սերմանող ճառերի ու հռետորաբանության հիմնախնդրին, որոնց միջոցով այսօր էլ շարունակվում են քաջալերվել ցեղասպանությունները եւ մարդկության հանդեպ այլ հանցագործությունները:

Այդ համատեքստում Նազարյանը նշել է, որ, ժամանակակից աշխարհում դեռեւս գոյություն ունեն պետական գործիչներ ու ղեկավարներ, որոնք հետեւողականորեն խրախուսում են այլ պետությունների եւ ժողովուրդների հանդեպ ռասիզմի ու անհանդուրժողականության քաղաքականության քարոզը: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը կարեւորել է միջազգային ու ազգային մակարդակներում հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ կրթության դերը այլատյացությունը մերժելու գործում, որը խաթարում է մարդկային արժանիքները եւ հարցականի տակ դնում հասարակությունների համախմբվածությունը:

Դեսպանը նաեւ խոսել է ՄԱԿ-ի կանխարգելման ռազմավարության, օրակարգի ու մեխանիզմների կատարելագործմանը միտված Հայաստանի Հանրապետության ջանքերի ու քայլերի մասին: