Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հանդիպել է Վրաստանի եվրոպական եւ եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարար Ալեքս Պետրիաշվիլիի հետ եւ քննարկել Վիլնյուսում նոյեմբերի 29-30-ը կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին եւ դրա նախապատրաստական աշխատանքներին, Արեւելյան գործընկերության ձեւաչափով համագործակցությանը վերաբերող հարցեր:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանն ու Ալեքս Պետրիաշվիլին անդրադարձել են հայ-վրացական օրակարգի մի շարք հարցերի, երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերություններն այսօր քաղաքական, տնտեսական եւ հումանիտար բնագավառներում գտնվում են բարձր մակարդակի վրա, վերահաստատվեց երկկողմ պատրաստակամությունը շարունակել ջանքերը՝ ուղղված տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանը եւ ամրապնդմանը:





























