Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ընդունել է Լեհաստանի սահմանապահ ծառայության փորձագետների պատվիրակությանը՝ Սահմանապահ գլխավոր վարչության արտասահմանցիների գործերով վարչության տնօրեն Անժեյ Յակուբաշեկի գլխավորությամբ եւ ներկայացրել անձնագրերի եւ վիզաների ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությունը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկելի են նաեւ ընթացիկ օրենսդրական փոփոխություններն ու ոստիկանության դերը հիշյալ խնդիրներում:

Կողմերն անդրադարձել են միգրացիայի եւ կենսաչափական անձնագրերի խնդիրներին, նշվել է, որ ՀՀ կողմից այս տարվա հունվարից առանց վիզայի ռեժիմ է սահմանվել ԵՄ անդամ երկրների քաղաքացիների համար:

Պատվիրակության ղեկավար Անժեյ Յակուբաշեկը շնորհակալություն հայտնելով հանդիպման մասնակիցներին՝ սպառիչ տեղեկատվության եւ ծավալված ուսանելի քննարկման համար՝ նշել է, որ ընդհանուր առմամբ իրենց հասկանալի դարձավ քննարկված հարցերի ամբողջ գործընթացը, որտեղ ՀՀ ոստիկանությունը բավականաչափ խնդիրներ է լուծում եւ կարեւոր դերակատարում ունի: