ՀՀԿ գործադիր մարմնի ողջ անձնակազմը կողմ է եղել Մաքսային միությանն անդամակցելուն: Այս մասին, այսօր` սեպտեմբերի 12-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը եւ ավելացրեց, որ 150-հազարանոց բանակի մասին չի կարող խոսել:
Նրա խոսքով՝ երբ իրենք եվրոպացի գործընկերների հետ սկսել են բանակցությունները, որեւէ երկընտրանքի խնդրանք, պահանջ, առաջարկ չի եղել: «Մենք չենք ասել, որ Եվրոպայի հետ երկխոսության խորացումը պետք է լինի ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների: Սրանք գործընթացներ են, որոնք բխում են մեր պետության շահերից»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Նա հերթական անգամ հիշեցրեց, որ Հայաստանն իր կարծիքը հստակ արտահայտել է, որ պատրաստ է մտնել Մաքսային միություն եւ այդ գործընթացը սկսել է: «Պարզապես քննարկումները եւ օրենսդրական նախաձեռնությունները կլինեն առաջիկա ամիսների ընթացքում»,- հիշեցրեց Էդուարդ Շարմազանովը:
Ինչ վերաբերում է Եվրամիության հետ հարաբերությունները շարունակելուն, ՀՀԿ մամուլի քարտուղարն ասաց. «Դրա մասին եւս հայտարարվել է: Մենք պատրաստ ենք Եվրամիության մեր գործընկերների հետ շարունակել երկխոսությունը, որպեսզի Հայաստանում իրականացնենք բարեփոխումներ»: Նա նաեւ ասաց, որ դեմ է վերջակետերով խոսելուն՝ հավելելով, որ թե Հայաստանի, թե Եվրամիության շահերից է բխում, որ քաղաքական երկխոսությունը շարունակվի: Իսկ թե ինչ ձեւաչափով կշարունակվի, Շարմազանովը չի կարող ասել: «Բայց որ անհրաժեշտություն կա, որ մեր քաղաքական երկխոսությունը շարունակենք Եվրոպայի գործընկերների հետ, դա փաստ է: Եվ նաեւ այն, որ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցումը բխում է մեր շահերից, եւս փաստ է: Իսկ այն հայտարարությունների շարանը, թե մենք անդամակցում ենք Մաքսային միությանը, որովհետեւ մեզ ճնշում են, անհիմն են»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:





























