Ռուսաստանը ցանկանում է Սիրիայի հարցով փոխզիջում գտնել: Այս մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ բանակցությունների սկսելուց առաջ իր ներածական խոսքում նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ն կգերադասի սիրիական ճգնաժամի կարգավորման խաղաղ ճանապարհը, հայտարարել է Լավրովը՝ հավելելով, որ Դամասկոսը ատյաններին պաշտոնապես փոխանցել է Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը միանալու փաստաթղթերը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Այս խնդրի լուծումն անիմաստ է դարձնում Սիրիային ցանկացած հարված հասցնելը: Վստահ եմ, որ մեր ամերիկյան գործընկերները, ինչպես այդ մասին նշեց նախագահ  Օբաման, գերադասում են Սիրիայում քիմիական զենքի խնդրի խաղաղ լուծումը», -Լավրովի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:

Ջոն Քերրին հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն Սիրիայի հարցում մի շարք ասպեկտներով համանման դիրքորոշում ունեն, մասնավորապես՝ Սիրիայի քիմիական զինանոցը ոչնչացնելու հարցում, փոխանցում է «Ինտերֆաքսը»: Սակայն կարծիքները տարբեր են այն հարցում, թե հատկապես ով է Սիրիայում կիրառել քիմիական զենք: Քերրին նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն միտք չունի երկար սպասելու, եւ Սիրիան 10 օր ունի քիմիական զենքը միջազգային հանրության վերահսկողությանը հանձնելու վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար:

Ժնեւում Լավրովի եւ Քերրիի բանակցությունները կշարունակվեն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, դրանց կմիանա ՄԱԿ-ում Սիրիայի հատուկ պատվիրակ Լադհար Բրահիմին:

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ երկիրը կհանձնի քիմիական զենքն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն վերջ դնի սպառնալիքների քաղաքականությանը:  «Ես ուզում եմ բոլորի համար հստակ արտահայտվել. Այդ մեխանիզմները միակողմանի չեն կատարվի: Դա չի նշանակում, որ Սիրիան կստորագրի փաստաթղթերը, կկատարի պայմանը եւ վերջ: Դա երկկողմ գործընթաց է եւ ամենից առաջ ակնկալում է, որ ԱՄՆ-ն կդադարեցնի Սիրիայի հանդեպ սպառնալիքների քաղաքականությունը, նաեւ կախված է նրանից, թե որքանով կընդունվի ռուսական առաջարկը», - ընդգծել է Ասադը: Սիրիայի իշխանությունները նաեւ ցանկանում են, որ զանգվածային ոչնչացման զենքից հրաժարվի նաեւ Իսրայելը:  «Եթե մենք Մերձավոր Արեւելքում կայունություն ենք ցանկանում, բոլոր երկրները պետք է հավատարիմ մնան համաձայնություններին, եւ առաջին երկիրը, որը պետք է կատարի պայմանավորվածությունները, Իսրայելն է, քանի որ ունի ատոմային, քիմիական եւ կենսաբանական զենք»: