Սիրիան դարձել է քիմիական զենքի արգելման միջազգային կոնվենցիայի լիարժեք մասնակից, սեպտեմբերի 12-ին հայտարարել է ՄԱԿ-ում երկրի լիազորված ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Նրա խոսքով՝ այդ մասին հրամանագիր է ստորագրել երկրի նախագահ Բաշար Ասադը, ինչը թույլ կտա խուսափել ԱՄՆ կողմից ռազմական հարվածից: Համապատասխան հաղորդագրությունն ուղղվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին՝ Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմի անունից:
Ջաֆարիի խոսքով՝ քիմիական զենքի սիրիական պահուստները Իսրայելին զսպելու միջոց էին հանդիսանում: «Թեեւ զսպողական բնույթի զենք էր, ժամանակն է միջազգային համաձայնագրին միանալ: Այս քայլով ապացուցում ենք, որ հավատարիմ ենք ցանկացած տեսակի զանգվածային ոչնչացման զենքի արգելմանը»,-ասել է սիրիացի դիվանագետը, փոխանցում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ողջունել է Կոնվենցիային միանալու Սիրիայի հայտարարությունը, փոխանցում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
«Գլխավոր քարտուղարը ողջունում է իրադարձությունների նման զարգացումը եւ ընդգծում է, որ երկար ժամանակ երկրներին կոչ էր անում միանալ դրան»,-նշել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը: Նա նաեւ հույս է հայտնել, որ Ժնեւում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի բանակցությունները թույլ կտան սիրիական քիմիական զենքի հարցով ընդհանուր որոշման գալ: Այս մասին գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Քիմիական զենքն արգելող ՄԱԿ-ի կոնվենցիան գործում է 1997-ից ի վեր: Ներկայումս դրան մասնակցում են ՄԱԿ-ի 190 երկրներ: Փաստաթղթին չեն միացել միայն ԿԺԴՀ-ն, Անգոլան, Հարավային Սուդանն ու Եգիպտոսը: Եվս երկու երկրներ՝ Մյանմարը եւ Իսրայելը, ստորագրել են պայմանագիրը սակայն չեն վավերացրել:





























