Վարչախմբի հետեւողական գործելաոճը, ամեն գնով իշխանությունը պահելու մոլուցքը, անսկզբունքային պահվածքն ու խաղերը թե’ Արեւմուտքի, թե’ Ռուսաստանի հետ` փորձելով բավարարել երկու կողմերի շահերը, չէր կարող չբերել այս հանգրվանին, այն է երկիրը հասցնել տարբեր ուժային կենտրոնների բախման կիզակետ` իր բոլոր վատթարագույն հետեւանքներով: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Հայաստանի իշխանությունները, վերջին տասնամյակում հիմնականում կարգախոս ունենալով «բարեփոխումների» ճանապարհով ընդունել եվրոպական արժեհամակարգը, այդ նպատակով չորս տարի բանակցելով Եվրոպական միության հետ` Ասոցացման ու խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համագործակցության շուրջ: Ինչը լավ մշակված թատերական ներկայացում էր, որին ցավոք մասնակից էին եվրոչինովնիկները` Հայաստանում յուրաքանչյուր կեղծված ընտրությունն արձանագրելով միջազգային չափանիշների համապատասխանող եւ քայլ առաջ:
Այդ ամենը հօդս ցնդեց սեպտեմբերի 3-ին Ս. Սարգսյանի Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի ժամանակ, որտեղ նա հայտարարեց, որ հայ ժողովրդի շահերից ելնելով, Հայաստանը մտնելու է մաքսային միության մեջ: Իրականում հայ ժողովրդի շահերը չի կարող ներկայացնել մարդ, որը նախագահ է հռչակվել իշխող կլանի ու նրան սպասարկող քրեաօլիգարխիկ համակարգի կողմից:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը 1998թ-ից հետեւողական եւ սկզբունքային գործելաոճով աջակցել է Հայաստանում իրական ժողովրդավարության սաղմեր ներդնելու համար: Կուսակցությունը շարունակելու է մնալ հավատարիմ իր սկզբունքներին եւ անելու է իրենից կախվածը` համագործակցելով Հայաստանի ճակատագրով մտահոգ քաղաքական ուժերի ու գործիչների հետ, համախմբելու մեր հասարակությանը, կանխելու վարչախմբի չակերտավոր հաղթարշավը եւ Հայաստանում հաստատելու ժողովրդի իշխանությունը` վերականգնելով պետության ինքնիշխանությունը»:





























