Մաքսային միությունն արդեն գործում, որի քննարկումներին մասնակից չենք եղել, ոչ թե չենք ցանկացել, այլ ֆորմատն է այդպիսին: Այս մասին այսօր` սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է, որ մենք էլ մասնակից լինենք այդ քննարկումներին: Ըստ Գալուստ Սահակյանի՝ դա մեր քաղաքական մոտեցումն է, որովհետեւ դաշնակցային համագործակցության մեջ ենք Ռուսաստանի հետ: Նա նաեւ «սին» համարեց պատկերացումները, թե Եվրոպան չգիտեր այդ մասին. «նրանք այդ մասին գիտեին»:
Սահակյանը հիշեցրեց, որ Հայաստանը միշտ էլ հայտարարել է, որ ինքը «եւ-եւ»-ի կողմնակից է եւ առաջարկեց սենսացիաների չսպասել:
«Մենք Եվրոպայից պաշտոնական որեւէ արձագանք չունենք, իսկ եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունները շատ սովորական է ընդունվում: Հայաստանը լուրջ պայմանավորվածություններ ունի իր գործընկերոջ հետ»,-ասաց նա:
Հիշեցմանը, որ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա այցից առաջ, ինքը այլ բան էր ասում, այսինքն իր համար էլ էր անակնկալ, որ երկրի ղեկավարը հայտարարեց Մաքսային միությանը միանալու մասին, Գալուստ Սահակյանը պնդեց, որ դա իր համար անակնկալ չի եղել: Նա նաեւ ասաց, որ ընդդիմադիր դաշտն իր մեջ կոտրվածություն է զգում եւ փորձում է այս հարցը շահարկելով իշխանություններին «թիրախային դարձնել»:
Ի դեպ, նա ասուլիսի էր հրավիրված նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի եւ կոմունիստ Ռոբերտ Ահարոնյանի հետ, սակայն հրաժարվեց նրանց հետ բանավիճել: Գալուստ Սահակյանը սկզբում առանձին ասուլիս անցկացրեց, որ հետո նոր մյուս բանախոսները պետք է ասուլիս անեն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























