Հայաստանյան այցի ընթացքում կայացան հանդիպումներ հայ խորհրդարանականների հետ, որոնց արդյունքում կարող եմ նշել, որ ինձ համար ընդունելի է մնում այն մոտեցումը, որի համաձայն Հայաստանը կամ պետք է Մաքսային միություն մտնի, կամ Ասոցացման մասին համաձայնագիր նախաստորագրի: Այս մասին Հայաստանի խորհրդարանում, սեպտեմբերի 13-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Յուրգեն Կլիմկեն՝ հավելելով, որ դա իր անձնական կարծիքն է:

«Մենք ընդունում ենք Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը: Եթե Հայաստանը նման որոշում է կայացրել, նշանակում է իր համար դա է ճիշտը: Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունը հայտնի դարձավ բոլորովին վերջերս, եւ առայժմ Բունդեսթագի համապատասխան հանձնաժողովում այդ հայտարարությունը չի քննարկվել: Մենք ի գիտություն ենք ընդունում այն, որ Հայաստանն ընտրեց Մաքսային միությունը», - նշեց Կլիմկեն:

Ի պատասխան այն հարցին, թե ինչպիսին կլինեն Հայաստանի եւ ԵՄ-ի հետագա հարաբերությունները, Կլիմկեն նշել է, որ եթե նկատի ունենանք, որ Ասոցացման պայմանագիրը չի նախաստորագրվելու, ապա դժվար է ասել. «Այնուամենայնիվ, Հայաստանի հետ համագործակցություն կլինի, սակայն խոսքն արդեն չի գնա համագործակցության որակի մասին: Համաձայնագիրը նախաստորագրող երկրների հետ հարաբերություններն այլ որակով կզարգանան, եւ նրանք ինչ-որ կարգավիճակ կստանան»: