Ուրբաթ օրը՝ 13-ին, որին հնուց միստիկ հատկություններ են վերագրում, բազմաթիվ մարդիկ ջանում են կարեւոր բաներ չծրագրել, ոմանք էլ առհասարակ, մեղքերից հեռու մնալու համար, դուրս չեն գալիս տանից: Անգամ հայտնի, մեծ մարդիկ խուսափում են այս օրվանից: Օրինակ ԱՄՆ նախագահ Ֆրանքլին Ռուզվելըերբեք չի ճանապարհորդել այս օրը, իսկ Բիսմարկը հանդիպումներ չի նշանակել եւ կարեւոր փաստաթղթեր չի ստորագրել:
Աստղաբանների խոսքով՝ այս ուրբաթ ուղեկցվելու է քաղաքական գործիչների կոնֆլիկտներով եւ սիրահարների վիճաբանություններով: Կախված ծննդյան ամսաթվից, այս օրը երջանկություն կամ դժբախտություն է բերում: Այսպես՝ նրանք, ովքեր ծնվել են 20-ին կամ 24-ին պետք է զգուշանան, իսկ նրանք, ովքեր ծնվել են ցանկացած ամսվա տասներեքին, այս օրը հաջողակ կլինեն:
Կան նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր սնահավատությանն ուշադրություն չեն դարձնում: Անգամ բազմաթիվ մարդիկ համաձայնել են 666 չվերթով թռչել Կոպենհագենից:
Դեռեւս Միջնադարից համարվում էր, որ 13 թիվը բացասական էներգիայով է օժտված: Աշխարհի շատ երկրներում բազմաթիվ մարդիկ խուսաթում են այդ թվի հետ կապված անգամ կենցաղային իրավիճակներից: Այդ ֆոբիան հոգեբանները կոչում են պարասկավեդեկատրիաֆոբիա:
Կա այդ վախի առաջացման մի քանի վարկած: Առավել տարածված է այն վարկածը, որի համաձայն Խորհրդավոր ընթրիքին ներկա են եղել Հիսուսը եւ նրա տասներկու աշակերտները: Այսպես՝ տասներեքերորդը, Հիսուսին եւս հաշված, Հուդան է եղել, ով դավաճանել է նրան:
1521 թվականի օգոստոսի 13-ին կոնկիստադոր Էրնան Կորտեսը գերի է վերցրել Տենոչտիտլանի թագավոր Կուաուտեմոկին եւ քաղաքը հռչակել Իսպանիայի տարածք՝ վերանավանելով այն Մեխիկո, որով սկիզբ է դրել Ացտեկների պետության կործանմանը:
1970-ի նոյեմբերի 13-ին Չիտագոնգ (Բանգլադեշ) քաղաքի ավելի քան 300 բնակիչներ զոհվել են Հարավային Ասիայով անցնող սարսափելի փոթորկից, որը Գանգեսի դելտայում ջրհեղեղի պատճառ է դարձել եւ խլել ավելի քան մեկ մլն մարդու կյանք:
1989-ի հունվարի 13-ին «Ուրբաթ, 13» վիրուսը վարակել է հարյուրավոր համակարգիչներ ողջ Բրիտանիայի տարածքում՝ ոչնչացնելով ծրագրային ֆայլեր եւ իսկական խուճապ առաջացնելով երկրում: Այդ տարիներին խոշորամասշտաբ համակարգչային գրոհները դեռեւս նոր երեւույթ էին:
2012-ի հունվարի 13-ին կործանվել է «Costa Concordia» զբոսանավը, որի վրա եղել է ավելի քան 4200 մարդ: Աղետին զոհ է դարձել 32 մարդ:
Անհավատալի դեպք է տեղի ունեցել կոմպոզիտոր Առնոլդ Շյոնբերգի հետ, ով տառապել է «ուրբաթ,13»-ի հանդեպ ֆոբիայով: Ծնված լինելով ամսի 13-ին, նա իր ողջ կյանքում վախով է սպասել իր 76-րդ տարեդարձին: 1951-ի հուլիսի 13-ին (ուրբաթ է եղել) նա ողջ օրը պառկած է մնացել տանը՝ սպասելով մահվան: Երեկոյան ժամը 11:47-ին (կեսգիշերից 13 րոպե առաջ) կոմպոզիտորն իսկապես մահացել է:





























