2012թ.-ի հունվարին Տոսկանայի ափերի մոտ խորտակված Costa Concordia զբոսանավը վերջապես սեպտեմբերի վերջին դուրս կբերվի հետագա հետազոտման համար: Այդ գործողության արժեքը կկազմի 300 մլն դոլար: Այս պահին նավը Ջիլիո կղզում ափերից մեկի մոտակայքում է:

Նավապետ Ֆրանչեսկո Սկետինոյի անփութության հետեւանքով խորտակված Costa Concordia զբոսանավը վերջին տարիների ընթացքում Եվրոպայում տեղի ունեցած ամենախոշոր ջրային վթարն էր: Ողբերգության ընթացքում զոհվեց ավելի քան 30 մարդ, որից երկուսն առ այսօր համարվում են անհետ կորած: Ընդհանուր առմամբ նավի վրա գտնվել է 4000 մարդ: Տխրահռչակ վթարից մոտ երկու տարի անց, վերջապես, զբոսանավը հետ կտեղափոխեն իր ժամանակավոր կայանատեղիից, հաղորդում է «Vesti.ru»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին:

Զբոսանավի թեքումը կուղղեն հսկայական վերամբարձ կռունկների օգնությամբ, ապա կամրացնեն հատուկ ստորջրյա պլատֆորմների վրա: Այս պահին աշխատողները կողքի թեքված նավի ներքո լցրել են մոտ 18000 տոննա ցեմենտ: Դա արվել է դիրքը կայունացնելու եւ Costa Concordia-ն հետագա կործանումից փրկելու համար: Այն բանից հետո, երբ բետոնե պահող միջոցը կամրանա, զբոսանավը կտեղափոխեն ափի մոտ: Գործողության արդյունքում ստացված աղբը դուրս կբերվի ձկնորսական ցանցերի միջոցով: