Արամ Շահին Բակոյանն ընտրվել է իրաքյան Քրդստանի 111 հոգանոց խորհրդարանի անդամ: Խորհրդարանում մանդատներ են հատկացված նաեւ ազգային փոքրամասնություններին, այդ թվում մեկ մանդատ` հայերին:
Առաջադրված երեք հայազգի թեկնածուներից պատգամավոր է ընտրվել Արամ Շահին-Բակոյանը: Իրաքի ազգային կենտրոնական վարչության ատենապետ Պարույր Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին մասնավորապես ասել է. «Արամ Շահինը Բարզանիի Քրդստանի դեմոկրատական կուսակցությունից է: Բոլոր հայ թեկնածուներն էլ այդ կուսակցությունից էին եւ քրդախոս հայեր: Արամ Շահինը Արծրուկ բնակավայրից է, ժամանակին մասնակցել է Բարզանիի ջոկատների պարտիզանական կռիվներին»: Նրա խոսքով, Իրաքի Քրդստանում հիմա մոտավորապես 2 հազար հայ է բնակվում: Հիշեցնենք, որ անցած շաբաթ օրը անցկացվել են նաեւ Իրաքի Քրդստանի նախագահի ընտրություններ, որի արդյունքում Մասուդ Բարզանին վերընտրվել է ձայների 70 տոկոսով:
Բարզանիի ղեկավարած Քրդստանի դեմոկրատական կուսակցության եւ Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի ղեկավարած «Քրդստանի հայրենասերների միության» դաշինքը հավաքել է ձայների 60 տոկոսը: Ընդդիմության առաջնորդ Նուշերվան Մուստափան իշխանություններին մեղադրել է կեղծիքներ կատարելու մեջ: Նա դատապարտել է հետընտրական բռնությունները, որոնց արդյունքում մեկ մարդ սպանվել է, 12-ը` վիրավորվել: Այդուհանդերձ, առաջին անգամ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր կուսակցությունը խորհրդարանում կունենա 28 մանդատ: Ոչ պաշտոնական արդյունքներով` ընտրություններին մասնակցած իսլամամետ մի կուսակցություն խորհրդարանում կունենա 17 տեղ:
Պաշտոնական արդյունքները հրապարակվելու են քվեները Բաղդադում հաշվելուց հետո:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, իրաքյան Քրդստանի խորհրդարանի 11 տեղի համար պայքարում էին 507 թեկնածուներ: Խորհրդարանում 5 տեղ հատկացված է թուրքմեններին, 5 տեղ` քրիստոնյաներին եւ մեկ տեղ` հայերին: Մնացած 100 տեղերը կզբաղեցնեն քրդերը:



























