Ճապոնիայի Հոկայդո կղզու Կուսիրո քաղաքի 64-ամյա բնակչուհի Ռեյկո Ցուրուկավան չորս տարի առաջ թոռան հետ միասին տեղական կենդանաբանական այգի այցելելուց հետո իմացել էր, որ իրենց սիրելի ընձուղտը տարիքի պատճառով սատկել է: Իսկ մի քանի ամիս անց տարեց ճապոնուհու մոտ հայտնաբերել էին ծանր աստիճանի քաղցկեղ: Բժիշկները հեռացրել են չարորակ ուռուցքը, սակայն լիովին բուժել հիվանդությունը չի հաջողվել: Հասկանալով, որ իրեն քիչ ժամանակ է մնացել, թոշակառուն որոշել է իրագործել սիրելի թոռնիկի երազանքը՝ ինչ էլ որ լինի, Կուսիրոյին վերադարձնել ընձուղտին:

Կազդուրվելուց հետո ընկերուհիների հետ միասին Ցուրակավան հիմնել է բարեգործական հիմնադրամ: Չնայած տարիքին ու ծանր հիվանդությանը, նա միջոցների հավաքման ու ընձուղտի ձեռքբերման համար մի շարք միջոցառումներ է կազմակերպել: Մեկ տարվա ընթացքում տարեց կանանց խմբին հաջողվել է հավաքել 54 մլն իեն (ավելի քան 500 000 դոլար):

Իր տիրապետման տակ ունենալով զգալի գումար՝ թոշակառուհին սկսել է զբաղվել ընձուղտի որոնման աշխատանքներով: Սորա (ճապ.՝ երկինք) անվամբ հարմար «թեկնածուն» գտնվել էր անցյալ ամառ Օբոհիրո քաղաքում: Ընձուղտը դեռ մեկ տարեկան էլ չկա, ու նրան վաճառում էին 5 մլն իենի դիմաց, ինչը հավաքված գումարի մեկ տասներորդ մասն է կազմում: Այդ դեպքում մնացյալ գումարի դիմաց որոշվել է եւս երկու ընձուղտ ձեռք բերել արտասահմանից: