Կիեւի Բեսարաբսկայա հրապարակում Ուկրաինայի ՆԳՆ աշխատակիցների  «Սոկոլ» հատուկ ջոկատի աջակցությամբ ձերբակալված  37-ամյա «օրենքով գող» Գադի Կալոյանը (մականունը՝ «Գարրի Կալլո») հիմնականում թալանի վրա է մասնագիտացված եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քրեական թեմաներով գրող Սերգեյ Գալոյանը: Նրա խոսքով՝ Կալոյանը հիմնականում ներքաշված է եղել տնտեսական հանցագործությունների մեջ:

«Եթե լինում են սպանություններ, ձերբակալություններ, որոնք իրենց բառապաշարով «թաց գործեր» են կոչվում, դա կատարվում է տնտեսական հողի վրա: Գողական աշխարհն արդեն մտել է տնտեսական ոլորտ: Հիմնականում թալանում են կամ իրարից, կամ մեծահարուստներից»,-նշեց գրողը  եւ ավելացրեց, որ վերջին շրջանի սպանություններն ու ձերբակալությունները  կապված է «Դեդ Հասանի» եւ «Տարոյի» խմբավորումների հակամարտության հետ:

Նրա խոսքով՝ Կալոյանի ձերբակալությունները եւ արտաքսումը կարող են պատվիրած լինեն «Տարոյի» խմբավորումները: Ավելին` նա Ռուսաստանում չի կարող մնալ, քանի որ նրան կսպանեն, Վրաստանում` նրա ծննդավայրում, նրան չեն ընդունի, իսկ Հայաստանում անելիք չունի: Մնում է այս ընթացքում ապաստան գտնել այս շրջանակներից դուրս:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կիեւի Բեսարաբսկայա հրապարակում Ուկրաինայի ՆԳՆ աշխատակիցները «Սոկոլ» հատուկ ջոկատի աջակցությամբ ձերբակալել են 37-ամյա «օրենքով գող» Գադի Կալոյանին (մականունը՝ «Գարրի Կալլո»), որը քրեական միջավայրում առավել հայտնի է որպես Օնիկ: Նրա հետ ձերբակալել են նաեւ նրա թիկնապահին՝ Զոհրաբ Օզմանյանին, հաղորդում է «Փրայմ Քրայմը»: Հենց նույն օրը դատարանը վճռել է արտաքսել նրան երկրից եւ արգելել նրա մուտքն առաջիկա երեք տարիների ընթացքում: Ինչպես «Փրայմ Քրայմ» գործակալությունն էր հաղորդել, ավելի վաղ Հայաստանի քաղաքացի, ազգությամբ եզդի Գադի Կալոյանը Մոսկվայում «թագադրվել էր» նախորդ տարվա հուլիսի 12-ին՝ Դեդ Հասանի կողմնակիցների կողմից: Եթե Կալոյանին Ռուսաստան արտաքսեն, նրան կպահեն ապօրինի ներգաղթյալների համար նախատեսվող ճամբարում՝ մինչեւ նրան արտաքսելը: