Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Միդլսեքս շրջանի ոստիկանապետ Փիթեր Քութուջյանը զբաղեցրել է երկրորդ տեղը Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրությունների ընթացքում՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում սենատոր Էդվարդ Մարքի տեղը զբաղեցնելու համար: Այդ մասին գրում է «The Armenian Weekly»-ն:
Մրցապայքարի հաղթողը Քեթրին Քլարքն է ձայների 31.6 տոկոսով: Քութուջյանը ստացել է 22 տոկոսը, իսկ Կարլ Շորոտինոն՝ 16.1 տոկոս: Քութուջյանը առավել շատ ձայներ հավաքել է իր հայրենի Ուոլթեմ քաղաքում, որտեղ նա ստացել է քվեների 74 տոկոսը: Նա հաղթանակել է նաեւ Ուոթերթաունում, որտեղ մեծ թվով հայեր են ապրում ՝ ստանալով ձայների 38 տոկոսը:
Ընտրությունների գիշերը Ուոլթեմում իր կողմնակիցների առաջ հանդես գալիս Քութուջյանը ասել է, որ հպարտանում է իր խմբով ու կողմնակիցներով: Նա շնորհակալություն է հայտնել հավաքվածներին, իր կնոջն ու երեխաներին, իր խմբի անդամներին, Միդլսեքսի ոստիկանության գրասենյակի իր գործընկերներին:
Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի(Արեւելյան շրջան) ակտիվիստ Թամար Քանարյանը ասել է. «Մենք շնորհավորում ենք Փիթեր Քութուջյանին իր հիանալի քարոզարշավի առթիվ ու ցանկանում ենք աջակցել նրան նաեւ հետագայում, մինչ նա շարունակում է իր ծառայությունը Միացյալ Նահանգների ժողովրդին Մասաչուսեթս նահանգի Միդլսեքս շրջանում: Մենք շնորահակալ ենք յուրաքանչյուր ամերիկահայի, ով քվեարկել է, կամավոր աշխատել կամ նվիրաբերել է Փիթերի քարոզարշավի համար, ինչպես նաեւ ցանկանում ենք հաստատել մեր ցանկությունը, որպեսզի մեր համայնքից ավելի շատ թվով քույրեր ու եղբայրներ ընտրվեն ԱՄՆ-ի Կոնգրեսում»: Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն շնորհավորել է դեմոկրատների ու հանրապետականների նախնական ընտրություններում հաղթանակած Քեթրին Քլարքին ու Ֆրենկ Ադիվինոլին:





























