Հայաստանի կառավարության կողմից հունվարի 1-ից ամսական 18 հազար դրամ գործազրկության նպաստը վերացնելու օրինագիծը պառլամենտական մեծամասնության հերթական չգիտակցված եւ անհասկանալի քայլն է, իսկ այդ գործընթացին զուգահեռ պետական պաշտոնյաների աշխատավարձերի կրկնապատկման օրինագծի շրջանառության դնելը՝ ՀՀ քաղաքացու շահերի նկատմամբ արհամարհանքի հերթական դրսեւորում ու իրավիճակի անհամարժեք գնահատում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ):
«Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այսօր երկրում կան 70 հազարից ավելի (իսկ իրականում մի քանի անգամ առավել) գրանցված գործազուրկներ, որոնցից 10 հազար հայրենակից ստանում են 18 հազար դրամ նպաստ եւ նրաց զրկելով եկամուտի միակ աղբյուրից, կխախտվի Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն հռչակված սահմանադրական դրույթը՝ վերածելով երկիրը պետպաշտոնյաների բացարձակ ամենաթողության դրսեւորման պետության:
ԵՀՄՖ-ի նախագահությունը կոչ է անում ԱԺ ղեկավարին եւ իր թիմակիցներին սթափվել ու կասեցնել երկու օրենքների ընթացակարգային գործընթացը, հակառակ պարագայում այն մի նոր «ազդակ» կհաղորդի արդեն գոյություն ունեցող գաղջ մթնոլորտին՝ հետեւաբար արտագաղթի ահագնացող տեմպին»,-ասված է ԵՀՄՖ-ի հայտարարության մեջ:





























