Ֆիլիպինների 630 հազար բնակիչներ չեն կարողանում վերադառնալ տուն, քանի որ «Խայան» փոթորիկից հետո նրանց կացարաններն ավերվել են կամ մեկուսացել ջրհեղեղների եւ սողանքների պատճառով: Այս մասին հայտնել է տարերային աղետի հետեւանքների հաղթահարման համար ստեղծված պետական գրասենյակը:

Իրարամերժ հաղորդագրություններ են ստացվում զոհերի թվի մասին: Իշխանությունները պաշտոնապես հաստատում են միայն 225 մարդու մահը, առաջին հերթին՝ երկրի կենտրոնական հատվածի Լեյտե կղզում: Կիրակի Լեյտեի ոստիկանության ներկայացուցիչներից մեկը հայտնել էր, որ զոհերի քանակը կարող է հասնել 10 հազարի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Փոթորկից ամբողջովին ավերված 220 հազար բնակիչ ունեցող Տակլոբան քաղաքում նկատվել են դիակապտության բազմաթիվ դեպքեր: Մարդկային ամբոխը գրոհում է սննդի եւ նյութական օգնության կետերի վրա, որոնք հսկում են զինծառայողները: Մարդկանց օգնություն են հասցնում օդային ճանապարհով. Տակլոբանի ավերված օդանավակայանում պահպանվել է թռիչքուղին: