Մաքսային միության երկրների եւ Վիետնամի միջեւ Ազատ առեւտրի գոտու ստեղծումը կնպաստի 2015թ. ռուս-վիետնամական ապրանքաշրջանառության կրկնապատկմանը, եւ այն 2020թ. կհասցվի 10 միլիարդ դոլարի ցուցանիշի, կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նոյեմբերի 12-ին Վիետնամ կատարելիք պաշտոնական այցի նախօրեին Պուտինը հոդված է գրել վիետնամական մի շարք լրատվամիջոցների համար, որում նշվում է, որ անցյալ տարի ապրանքաշրջանառությունն ավելացել էր 20%-ով եւ կազմել 3,66 միլիարդ դոլար, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Համատեղ ծրագրերում նախատեսված է արդեն 2015թ. հասնել 7 միլիարդ դոլարի ցուցանիշի, իսկ 2020թ.՝ 10 միլիարդ դոլարի», -ասվում է նախագահի «Ռուսաստան- Վիետնամ. միասին՝ դեպի համագործակցության նոր սահմաններ» հոդվածում:
Պուտինն ընդգծել է, որ «այդ խնդրի լուծումն ուղղակիորեն կնպաստեր Մաքսային միության երկրների եւ Վիետնամի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր կնքելուն, որը համապատասխանում է Եվրասիայի եւ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում քաղաքական-տնտեսական ինտեգրման տրամաբանությանը»:





























