19-ամյա Լակլան Քոննորսը ուղեղի ցնցում ստանալուց հետո լսողության խանգարմամբ մի քանի օր անցկացրել է հիվանդանոցում։ Երբ սկսել է ապաքինվել, պարզվել է, որ նա կարողանում է 13 երաժշտական գործիք նվագել, հայտնում է Sky News-ը;
Պատանին նախկինում արդեն դաշնամուր նվագելու փորձեր արել էր, սակայն դրանք հաջողությամբ չէին պսակվել: «Նա իսկապես տաղանդ չուներ», - պատմել է տղայի մայր Էլզի Համիլթոնը: Ըստ նրա` երաժշտական ասպարեզում տապալվելուց հետո որդին սպորտով է զբաղվել: Լակլանը երազում է պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ: Սակայն մի քանի վնասվածքների եւ ուղեղի ցնցման պատճառով տղան հայտնվել էր հիվանդանոցում, հաղորդում է Russia Today-ը:
«Ես ընկա մեջքի վրա: Հիշում եմ, երբ վեր կացա, գլուխս պտտվում էր: Ես այն ժամանակ չէի էլ կարող մտածել, որ ինչ-որ վատ բան է տեղի ունեցել», - պատմել է Լակլանը: Հաջորդ մրցություններում նա էլի մի քանի անգամ հարվածներ է ստացել գլխին: Դրանց հետեւանքով երիտասարդի մոտ ընկնավորության նոպաներ եւ հալյուցինացիաներ են սկսվել, եւ նա հայտնվել է հիվանդանոցում:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Լակլանն այլեւս սպորտով չի զբաղվել, սակայն որոշ ժամանակ անց դեռահասն իր մոտ նոր տաղանդ է հայտնաբերել. պարզվել է, որ նա «սովորել է» երաժշտական գործիքներ նվագել:
Այժմ Լակլան Քոնորսը կարողանոմ է նվագել 13 գործիք: Ըստ բժիշկների՝ հնարավոր է, որ հարվածն ակտիվացրել է Լակլանի ուղեղի այն հատվածը, որը նախկինում չէր գործում:





























