Բելառուսական Ռոգաչեւ քաղաքում խտացրած կաթի հուշարձան են բացել, որ բելառուսական ամենահայտնի ապրանքանիշներից մեկն է: Սպիտակ ու կապույտ գույնի փաթեթավորմամբ այս մթերքը, որը պատրաստվում է կաթից ու շաքարավազից, տասնյակ տարիներ շարունակ որակի չափանիշ է համարվում:
Հուշարձանը տեղադրել են «Ռոգաչեւի կաթի ու պահածոների կոմբինատ» ձեռնարկության վարչական շենքի դիմաց, որն այս օրերին տոնում է իր 75-ամյակը: Կառույցը ֆիրմային մետաղական տարայի 4 մետրանոց կրկնօրինակն է, որը զարդարել են խճանկարով ու ապակիով գնորդներին ծանոթ սպիտակ ու կապույտ երանգներով: Հուշարձանի հեղինակ նկարիչ-քանդակագործ Գլեբ Օտչիկը խոստովանել է, որ մանկուց սիրում է խտացրած կաթ ու այդ օբյեկտի շուրջ աշխատանքը իրեն շատ հետաքրքիր է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ բելառուսական խտացրած կաթի մայրաքաղաքում անցկացրել են թեմատիկ գրական մրցույթ՝ «Ձոն խտացրած կաթին», որի հաղթողին պարգեւատրել են հանդիսավոր պայմաններում:





























