Համաշխարհային Բանկի՝ Հայաստանի մեաշնորհացման գնահատականն ունի մեթոդաբանական խնդիրներ: Այդպիսի կարծիք է հայտնել լրագրողներին նոյեմբերի 29-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Անդրադառնալով նախօրեին հրապարակված ՀԲ զեկույցին՝ Հայաստանի տնտսութան մասին, Ա. Շաբոյանը նշեց, որ այն իրենց չի տրամադրվել եւ իրենց հետ չի քննարկվել:

«Զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանի տնտեսության մոնոպոլացման աստիճանը բարձր Է՝ համեմատած ԱՊՀ մյուս երկրների հետ: Մենք համամիտ չենք այդ գնահատականների հետ: Ուսումնասիրություններում կան որոշակի մեթոդաբանական խնդիրներ: Մասնավորապես ՀԲ մասնագետները ուսումնասիրել են մեր տնտեսության 30 ոլորտների մրցակցային վիճակը: 16-ում կենտրոնացվածության աստիճանը խիստ ցածր է, եւ մրցակցության վիճակը դրանցում բավականին բարձր է», - նշեց Ա. Շաբոյանը: Այդ ոլորտներն են սննդարդյունաբերությունը. թեթեւ արդյունաբերությունը, դեղագործությունը մանրածախ առեւտուրը, շինարարությունը  եւ մի շարք այլ կարեւոր շուկաներ:

Մի շարք այլ շուկաները բնական մենաշնորհներ են, որտեղ մասնաիցների քանակը սահմանափակ է, իսկ շուկաները խստորեն կարգավորվում են պետության կողմից (օրինակ՝ գազը եւ էլեկտրաէներգետիկան), ինչպես նաեւ լիզենզավորված գործունեության ոլորտներ. օրինակ՝ հեռահաղորդակցության ոլորտը, որտեղ կան երեք խոշոր ընկերություններ:

Վերջապես, մի շարք այլ ոլորտներում տնտեսվարողների թիվը սահմանափակ է օբյեկտիվորեն՝ պահանջվող մեծ ներդրումների պատճառով (օրինակ հանքարդյունաբերությունը):

Թվարկված ոլորտները մեծ կշիռ ունեն տնտեսության մեջ, եւ այդ կշռին համամասնորեն հաշվարկել տնտեսության բարձր կենտրոնացվածություն ճիշտ չէ, հավելեց Ա. Շաբոյանը:

Նա նշեց նաեւ, որ նույն ՀԲ զեկույցում անդրադարձ է կատարվում Մրցունակության ինդեքսին, որը հրապարակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից: Այդտեղ մրցակցությանը վերաբերող 3 ցուցանիշներով (գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների ազդեցությունը մրցակցության վրա,  հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը, ներքին շուկայում  տեղական մրցակցության ուժգնությունը) Հայաստանն առաջատար է  ԱՊՀ-ում: