NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի գիտական աշխատող Դոմինիկ Տոլկսդորֆի հոդվածը, որը հրապարակվել է «The Huffington Post»-ի կայքում:

Մի քանի շաբաթ առաջ Եվրամիության պաշտոնյաները պատկերացնում էին, որ Վիլնյուսում Արեւելյան գործընկերության գագաթաժողովն այլ կերպ կընթանա: Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից եւ Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ նման համաձայնության նախաստորագրումից հետո ԵՄ-ն ակնկալում էր ցույց տալ արեւելյան հարեւանների հետ իր քաղաքականության առաջին շոշափելի արդյունքները: Ի հիասթափություն ԵՄ-ի, իրադարձությունները զարգացան հակառակ սպասելիքների: Համաձայնագիրը ստորագրելու կամ նախաստորագրելու փոխարեն, Ուկրաինան եւ Հայաստանը մերժեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Դեպքերի նման զարգացումը բացահայտեց ԵՄ ներկայիս քաղաքականության երկու հատկանիշները՝  ԵՄ խթանների հարաբերական թուլությունն ու հետխորհրդային երկրներում Ռուսաստանի ազդեցության շարունակվող խնդիրը:

Կրեմլը, որը սկզբում Արեւելյան գործընկերությունը դիտում էր որպես «ԵՄ եւս մեկ նախաձեռնություն»,առավել կասկածանքով սկսվեց վերաբերել տարածաշրջանում ԵՄ ազդեցության աճին ու այժմ ուղղակիորեն հանդես է գալիս Արեւելյան գործընկերության դեմ: ԵՄ միջամտությունը տարածաշրջանում, որն ինքը համարում է իր ազդեցության արտոնյալ գոտի, զայրացնում է Կրեմլին, որը Ասոցացման համաձայնագիր կնքելուց Ուկրաինային եւ Հայաստանին հետ պահելու համար սկսեց կոպիտ քաղաքական միջոցներ կիրառել:

Բացի այդ, Կրեմլը մշակեց ինտեգրացման սեփական նախագիծը՝ Եվրասիական Մաքսային միությունը, որի մեջ են մտնում Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը եւ պետք է ստեղծվի 2015 թ.-ին: Այնուամենայնիվ, արեւելյան երկրների տեսանկյունից «Եվրասիական միության» հիմնական խնդիրն այն է, որ Ռուսաստանը պարզապես չափազանց մեծ է բնակչության եւ տնտեսական հզորության առումով, որպեսզի հավասար պայմաններով համագործակցի նման դաշինքում, եւ անխուսափելիորեն գերակայելու է այնտեղ: Պետք է նշել, որ Կրեմլը չի խուսափում պատժիչ միջոցներ օգտագործել այն երկրների դեմ, որոնք չեն ցանկանում միանալ իր միությանը:

Հայաստանը, որն ավանդաբար եղել է Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն ու տնտեսական եւ ռազմական անվտանգության առումով մեծապես կախված է Ռուսաստանից,  ցույց տվեց իր անկեղծ հետաքրքրությունը ԵՄ - ի հետ Ասոցացման համաձայնագրի կնքման գործում եւ երեք տարի համաձայնության պայմանների շուրջ բանակցություններ վարեց: Սակայն, հիմնականում ռուսական կողմի ճնշման հետեւանքով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերին հայտարարեց, որ իր երկիրը միանում է Եվրասիական միությանը: Իրադարձությունների նմանատիպ շղթան Ուկրաինայում հանգեցրեց Ասոցացման համաձայնագրի մերժման:

Չնայած համաձայնագիրը մերժելուն՝ Ուկրաինան դժվար թե միանա Եվրասիական միությանը, քանի որ ոչ մի երաշխիք չունի, որ արդյունքում Ռուսաստանը գազը կտրամադրի հատուկ գներով: Բացի այդ, մի շարք ուկրաինական ընկերութուններ ուղղակիորեն մրցակցում են ռուսական ձեռնարկությունների հետ ու վախենում են, որ Եվրասիական միությունում կհայտնվեն անշահավետ իրավիճակում: Այդ պատճառով էլ ԵՄ-ն դեռ հույս ունի, որ Ուկրաինան կարող է հետագայում կնքել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը: