Կառավարությունը պետք է իրականացնի գրագետ մենեջմենթ, իսկ ցանկացած երկրում, երբ մենեջմենթը վատ է իրականացվում, պատասխանատուներին հեռացնում են իրենց զբաղեցրած պաշտոններից: Այդ մասին հայտարարել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

«Ցավալի է, բայց մեր դեպքում տնտեսական տարին ամփոփում ենք ոչ բավարար ցուցանիշներով:

Եվ ինչքան էլ կառավարությունը տարբեր թվերով փորձի արդարացնել կամ հիմնավորել վարված քաղաքականությունը, միանշանակ է, որ ժողովուրդը իր մաշկի վրա լավագույնս զգում ու տեսնում է բոլոր բացթողումները: Կառավարության ոչ արհեստավարժ քաղաքականության արդյունքում է, որ ժողովուրդն այն աստիճան է հիասթափվել, որ հաճախ ելքը տեսնում է արտագաղթի մեջ: Ընդունվում են որոշումներ, որոնք չեն տեղավորվում բանական մարդու ուղեղում եւ զուրկ են որեւէ  հիմնավորումից»,- նշել է Էնֆիաջյանն ու հավելել. «Բյուջետային նպատակային հատկացումները եւ ֆինանսական աղբյուրներն անարդյունավետ են կառավարվում: Կառավարության աշխատանքային վրիպումները,  անփութությունը , որոշ դեպքերում` սուտը, դարձել է նորմատիվային գործունեություն»:

Ըստ պատգամավորի, երկիրն ու ժողովուրդը կանգնած են  ծանրագույն իրավիճակի առջեւ, որի ելքը կադրային ճիշտ փոփոխություններն ու դրանից բխող արհեստավարժ  գործողություններն  են: