«Ռոսնեֆտ»-ը կարող է Հայաստան գալ միայն ռուսական նավթամթերքների համար արտահանման մաքսատուրքերը վերացնելուց հետո: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը:
«Անհրաժեշտ է, որպեսզի ռուսական կողմի հետ մեզ համար ռազմավարական մի շարք ապրանքների, այդ թվում նավթամթերքների արտահանման մաքսատուրքները վերացնելու մասին համաձայնագրերը մտնեն ուժի մեջ: Միայն այդ դեպքում նախագիծը կարող է հարմար լինել»,-ասել է Մովսիսյանը:
Ավելի վաղ նշվել էր, որ նախագիծը ներառում է 40-50 բենզալցակայան եւ վառելիքալիցքավորման համալիրներ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում: Նախարարի խոսքով՝ նախագիծը դեռեւս ամբողջությամբ մշակված չէ եւ արժեքը հայտնի չէ:
Հիշեցնենք, որ մի շարք ռազմավարական ապրանքների համար արտահանման մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ համաձայնագրերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի 2-ին Հայաստան այցի ժամանակ:
Այս տարվա ապրիլի 4-ին Երեւան էր այցելել «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինը, որի ժամանակ ստորագրվել է նավթամթերքների մարքեթինգով եւ բաշխմամբ զբաղվող համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին: Պուտինի վերջին այցի ընթացքում ռուսական «Ռոսնեֆտ»-ն ու հայկական «Օյլ Տեխնո»-ն բաժնետերերի համաձայնագիր են ստորագրել:




























