Հայաստանի համար վերացնելով արտահանման մաքսատուրքերը, Ռուսաստանը փաստացի Հայաստանին տրամադրվող յուրաքանչյուր հազար խմ գազի համար կսուբսիդավորի 80 դոլար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նրա խոսքով՝ ռուսական կողմի հետ բանակցությունները վերաբերել են 2011-1-2018 թվականներին: Այդ 7 տարիներին ֆինանսական ծանրաբեռնվածությունը Հայաստանի գազամատակարար օպերատոր «ՀայՌուսգազարդի» վրա կազմել է եւ կկազմի 1,1 մլրդ դոլար: Դրանից 300 մլն դոլարը տարբերությունն է սահմանին հիմնական  (180 դոլար) եւ իրական գների միջեւ:

«Ռուսական կողմը, փաստացի ազատում է մեզ այդ բեռից: Ինչ վերաբերում է 2011-ի ապրիլից մինչեւ հիմա ընկած ժամանակահատվածին, այն հավասար կբաժանվի հայկական եւ ռուսական կողմերի միջեւ: Սա արդյունք է ռուսական կողմի հետ մեր բանակցությունների: Փաստացի, նրանք համաձայնել են այդ գումարը դուրս գրել: Ընդ որում, պարտքը կարող էր 300 մլն դոլարից էլ ավելի լինել: Թե ինչպես ենք հասել այդ թվին, կարեւոր չէ, կարեւորն արդյունքն է»,-հայտարարել է նախարարը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի արդյունքում Հայաստանի համար գազի գին է սահմանվել 189 դոլարը հազար խմ-ի համար: Սակայն սովորական սպառողների վրա գազը վաճառվում է կրկնակի թանկ գնով՝ 156 հազար դրամով (մոտ 386 դոլարով):