Երեւանում, դեկտեմբերի 9-ին, տեղի է ունենալու Սեւծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդի վարչության 47-րդ նիստը, որի
ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ներկայացվելու է ՍԾՏՀ գործարար խորհրդի գործունեության հաշվետվությունը, գործարար խորհրդի 2013 թ. բյուջեն, ինչպես նաեւ 2014 – 2015 թթ. բյուջեի կանխատեսումները, ՍԾՏՀ գործարար խորհրդի անդամների կողմից տարեկան ներդրումները եւ այլն: Սպասվում է բոլոր անդամ երկրների ներկայացուցիչների այցը:
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների)
միության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նիստի ժամանակ քննարկվելու է առեւտրի եւ զբոսաշրջության ոլորտներում ՍԾՏՀ անդամ-երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցությանն ու փոխգործակցությանն առնչվող առաջարկների փաթեթը:
Հանդիպման շրջանակներում նախատեսվում են տարբեր գործարար այցեր:
Նշենք, որ 1992 թ. հունիսի 25-ին Ստամբուլում (Թուրքիա) հրավիրած գագաթնաժողովի արդյունքում սեւծովյան տարածաշրջանի 11 երկրների (Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա) ղեկավարներ (պետությունների կամ կառավարությունների մակարդակով) ստորագրեցին հռչակագիր Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման մասին: ՍԾՏՀ կազմակերպության անդամ-երկրների միջեւ բազմաթիվ համաձայնագրեր ու հուշագրեր են ստորագրվել, ընդունվել են կարեւոր փաստաթղթեր:




























