Հայկական «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը գերադասեց չմեկնաբանել գազի վերաբերյալ հայ-ռուսական նոր համաձայնագրից հետո ավտոմեքենաների գազալցման սակագների մասին հարցը: «Չեմ տիրապետում իրավիճակին»,- հայտարարել է Առուստամյանը՝ ի պատասխան խնդրանքին մեկնաբանել, արդյոք հանարվոր գազի գնի փոփոխություն գազի լցակայաններում:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ ու Հայաստանի ամենախոշոր գործարարներից մեկն հանդիսացող Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպի» կազմում մյուս ընկերությունների հետ մեկտեղ մտնում է նաեւ «Մուլտի գազը», որը ղեկավարում է ավտոմեքենաների լցակայաններ ցանց: «Մուլտի լեոն» նույն կոնցերնի կազմում ղեկավարում է բենզալցակայնների ցանցը:

Առուստամյանը գերադասեց չմեկնաբանել նաեւ վառելիքի թանկացման, ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով երթեւեկության սակագների բարձրացման անհրաժեշտության վերաբերյալ երեւանյան ուղեւորափոխադրող ընկերությունների բողոքների հիմնավորվածությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետական այցի արդյունքում Հայաստան մատակարարվող գազի համար գին սահմանվեց 189 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց՝ ենթադրվող 270 դոլարի փոխարեն, այն դեպքում, եթե Հայաստանը չանդամակցեր Մաքսային միությանը: