Փոխադարձ այցերը եւ ստորագրվելիք հուշագիրը  կնպաստեն Գյումրի եւ իտալական Նարդո քաղաքների միջեւ տնտեսական ու մշակույթային կապերի ամրապնդմանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Իտալիայի Նարդո քաղաքի քաղաքապետ Մարչելլո Ռիզիի հետ հանդիպման ժամանակ նշել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Հանդիպման  մեկնարկին  Սամվել Բալասանյանը ողջունել է իտալացի գործընկերոջը եւ համառոտ  ներկայացրել Գյումրիում տեղ գտած հայ-իտալական համագործակցության  որոշ մանրամասներ:

Պատասխան խոսքում Նարդոյի քաղաքապետ Մարչելլո Ռիզին կարեւորել է երկու ժողովուրդների հոգեւոր կապը` նշելով, որ Նարդո քաղաքի պահապան Սուրբը Գրիգոր Լուսավորիչն է, եւ այս հանգամանքը ավելի է ջերմացնում  հայ-իտալական կապը: Քաղաքապետ Ռիզին նշել է նաեւ, որ շատ տպավորված է Հայաստանով եւ հատկապես Գյումրի քաղաքի գեղեցկությամբ, ինչպես նաեւ իր հայ գործընկերների երկկողմ հարաբերությունները զարգացնելու վճռականությամբ: 

Այնուհետեւ կողմերը ստորագրել են Գյումրի եւ Նարդո քաղաքների միջեւ համագործակցության մասին հուշագիր, որը  ներառում էր  համագործակցային այսպիսի ուղղություններ, ինչպիսիք են` զբոսաշրջությանը, քաղաքաշինությանը, ռեստավրացիոն շինարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները եւ այլն: Նշված ոլորտներում կարեւորվում է ինչպես փորձի փոխանակման, այնպես հնարավոր ներդրումների  հարցը: Հուշագրի ստորագրումից հետո տեղի է ունեցել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ Նարդոյի քաղաքապետ Մարչելլո Ռիզիի համատեղ մամլո ասուլիսը: