Շուշիում 2013թ. սեպտեմբերի 1-ին՝ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման նախաշեմին, բեմադրվել է կոմպոզիտոր Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ» օպերան: NEWS.am-ի հետ հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը՝ վերոնշյալ իրողությունը 2013թ. կարեւորագույն ձեռքբերումներից անվանելով:
«Ես շատ ուրախ էի, որ դա ստացվեց: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Անդրեյ Բաբաեւը հայ կոմպոզիտոր է, որի արմատները հենց Լեռնային Ղարաբաղից են:
Անկեղծ ասած, ես այնքան էլ լավ ծանոթ չէի այդ օպերային, սակայն ծանոթանալուց հետո, հասկացա, որ այն հայկական լավագույն օպերան է», - նշել է դիրիժորը, հավելելով, որ օպերայի լիբրետոն նույնպես բավական լավն է: Թոփչյանը նշել է, որ ընդհանրապես խոսքը 2013թ. հայկական օպերայի ոլորտում կատարված բավական լավ աշխատանքի մասին է, քանի, ըստ նրա, մենք արտասահմանում հաջող ներկայացնելու համար հզոր օպերաներ չունենք: « «Անուշ» օպերան ժողովրդական-կենցաղային է, որը կարող է թանկ լինել ցանկացած հայի համար, սակայն այն չի կարելի ներկայացնել միջազգային ասպարեզում»:
Էդուարդ Թոփչյանը նշել է, որ Շուշիում հաջողվել է ներկայացնել «Արծվաբերդ» օպերայի հետաքրքիր բեմադրություն: Նա նաեւ նշել է, որ մեծ ծախսեր էին արվել, իսկ օպերան բեմադրվել էր բաց երկնքի տակ:





























