Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի բնակիչների փուլային վերաբնակեցման ծրագրով Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի եւ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեում գտնվող (նախկին գեղարվեստի Հ.5 ուսումնարանի) հանրակացարանային շենքի երրորդ մասնաշենքի բնակիչներին հատկացվելիք նոր բնակարանների վիճակահանությունը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բնակարանների բաշխման վիճակահանության տարբերակը որոշվել է բնակիչների կողմից՝ Երեւանի քաղաքապետարանում նախապես կայացած բազմաթիվ հանդիպումների եւ քննարկումների արդյունքում: Վիճակահանության միջոցով յուրաքանչյուր բնակիչ ինքն անձամբ է ընտրել իր ապագա բնակարանը: Ի դեպ, վիճակահանությանը ներկայացված բնակարանները հիմնականում եղել են Մարգարյան 37 հասցեում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքի տարբեր մուտքերի, տարբեր հարկաբաժիններից: Բնակարաններ են հատկացվել նաեւ Սիսակյան 22, Ա. Բաբաջանյան 26/5 եւ Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 53 շենքերից:
«Վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման կարեւոր այս ծրագրի շնորհիվ մենք փուլ առ փուլ նոր բնակարաններով ենք ապահովում տասնյակ ընտանիքների: Վերաբնակեցման ծրագրի ամբողջ գործընթացը քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության եւ հսկողության ներքո է: Առաջիկայում ձեզ կհանձնենք բնակարանների բանալիները, եւ դուք հնարավորություն կունենաք տեղափոխվելու նոր բնակարաններ, ինչի կապակցությամբ բոլորիդ շնորհավորում եմ»,- նշել է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
Վթարային 2 շենքերի բնակիչներին այս փուլում ընդհանուր առմամբ 50 նոր բնակարան է հատկացվել:
Բնակիչներն իրենց շնորհակալություն են հայտնել գործընթացը հնարավորին արագ կազմակերպելու եւ իրենց բնակարաններ հատկացնելու համար: Նրանք նաեւ նշել են, որ իրենց իսկ ցանկությամբ ընտրված վիճակահանության սկզբունքը բնակարանների բաշխման լավագույն տարբերակն էր:





























