Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը արմատական վնաս չի հասցնի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ռազմավարական շահերին: Այդ մասին դեկտեմբերի 18-ին հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ավագ փորձագետ Սերգեյ Սարգսյանը «Անվտանգությունն ու համագործակցությունը Հարավային Կովկասում» թեմայով միջազգային կոնֆերանսի «Ղարաբաղյան հարցի լուծման հեռանկարներն ու դրությունը» նիստի ժամանակ:
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում բարդ աշխարհաքաղաքական ու դժվար ռազմաքաղաքական իրադրությունը կանխորոշեց Հայաստանի պատրաստակամությունը ամենաբարձր աստիճանի ինտենսիվությամբ մասնակցելու ինտեգրացիոն նախագծերին: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, 1992թ.-ից հենց Հայաստանի մասնակցությունը, եւ 1993թ.-ից Ադրբեջանի մասնակցությունն այդ պայմանագրի ստորագրմանը հենց այն խթանիչն էր, որ ստիպեց Մոսկվային ակտիվացնել իր ջանքերը եւ ինչ-որ փոխզիջում գտնել, առնվազն գոնե հակամարտության թեժ փուլում», - նշել է Սերգեյ Սարգսյանը:
Անդրադառնալով եվրոպական ուղղությամբ Հայաստանի ինտեգրմանը՝ նա նշել է, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը պետք է օգտագործեն այն դրական գաղափարները, որոնք կրում է Եվրոպական միության «Արեւելյան գործընկերությունը»:
Փորձագետի տեսանկյունից՝ «Արեւելյան գործընկերությունում» Հայաստանի ներգրավվածության աստիճանը այնքան էլ հրատապ եւ սուր չէր լինի, եթե Ռուսաստանը Եվրասիական միության ստեղծման մրցունակ ծրագիրն առաջ չքաշեր, որտեղ Հայաստանը լիիրավ անդամակցության հստակ հեռանկար ունի:
«Մրցակցող ռազմական-քաղաքական եւ տնտեսական առաջարկությունների գոյության պայմաններում, որոնք առկա են եւ ԵՄ, եւ Ռուսաստանի դեպքում, կարեւոր է հաշվի առնել, թե ինչպես կփոխվեն Հայաստանի հարաբերությունները մասնավորապես ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի: ՄՄ Հայաստանի անդամակցության հեռանկարու կան նաեւ բացասական կողմերը, բայց գոնե դա աղետալի հարված չի հասցնի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ռազմավարական շահերին», - ընդգծել է Սերգեյ Սարգսյանը՝ հավելելով, որ դա, ամենայն հավանականությամբ, սպասելի կլիներ, եթե Վիլնյուսի գագաթաժողովում փաստաթուղթը պարզապես վավերացվեր:
Հիշեցնենք, որ Վիլնյուսում ընթացիկ տարվա նոյեմբերի 28-29-ին ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ընթացքում Հայաստանը չվավերացրեց ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, այլ ընդունվեց միայն համատեղ հայտարարություն:




























